Ապաշխարությամբ ես ստանում եմ Աստծո ողորմածությունը, ազատագրվում մեղքերից և վերածնվում: Ապաշխարել՝ նշանակում է գիտակցաբար հեռանալ մեղքերից, ընդունել սեփական սխալները և քայլել դեպի Աստված:
Ակներև է, որ ապաշխարությունը՝ սեփական մեղքերի գիտակցումը, ընդունումն ու անկեղծ զղջումն անմիջականորեն կապված է քաջության և հոգևոր հասունացման հետ, քանզի աշխարհում ամենից բարդ բանը սեփական մեղքերը գիտակցելը ու որևէ բանում սեփական սխալը ընդունելն ու շտկելն է:
Բոլորս էլ մեղավոր ու սխալական ենք, և ողբերգությունն ամենևին էլ այն չէ, որ մեզնից յուրաքանչյուրը կյանքի այս կամ այն իրավիճակում կարող է մեղքեր գործել կամ սխալվել, այլ այն, երբ մենք չենք ընդունում կամ պարզապես չենք ցանկանում ընդունել սեփական մեղքերը և այսկերպ, գուցե անգիտակցաբար, վշտացնում ենք Աստծուն, ով մշտապես պատրաստ է մեզ իր գիրկն առնել ու ներել:
Կարևոր է նաև փաստել, որ ապաշխարությունը առաջին հերթին անհրաժեշտ է հենց ինքներս մեզ, հետո նոր մեր շրջապատին, քանզի այդ ժամանակ մեզնից յուրաքանչյուրն իր ներսում զգում է, թե որքան սքանչելի է մաքրագործվելը, ներվելը, մեղքերից գիտակցաբար հրաժարվելը և Աստծո զավակը լինելու հոգևոր բերկրանքը վայելելը:
Աստծո բարությունն ու ողորմածությունը մեզնից յուրաքանչյուրի հանդեպ պարզապես անչափ է ու անսահման, և այդ անսահման սիրո դրսևորումներից մեկը ապաշխարության խորհուրդն է: Ապաշխարությամբ ջնջվում են մեր բոլոր մեղքերը, չքանում բոլոր չարիքները, մոռացվում բոլոր զանցանքները, սակայն սա երբեք չի նշանակում, որ մենք կարող ենք մեր կյանքի ընթացքում շարունակաբար գիտակցված մեղքեր գործել ու մտածել, թե վերջում ապաշխարելով ամեն բան կմոռացվի: Այս կերպ մենք գիտակցաբար առևտրային հարաբերությունների մեջ ենք մտնում Աստծո հետ, ինչն, իսկապես, չունի որևէ արդարացում։
Արմեն Չաքմիշյան