Զերծ պահեք ձեզ դատելու մեղքից

Զերծ պահեք ձեզ դատելու մեղքից

«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք. որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար»(Մատթ 7:1-2)

 

Դիմացինին դատելու սովորությունը շատերին է բնորոշ։ Բայց փորձենք հասկանալ՝ ինչն է խնդիրը, երբ սկսում են քննադատել ու սովորեցնել՝ ինչն է ճիշտ, ինչը` սխալ, հասկանանք՝  ով է որոշում այդ սխալն ու ճիշտը։ 

 

Ոմանց թվում է՝ իրենց քայլերն ու գործողությունները միշտ շիտակ են ու քննարկման ենթակա չեն։ Հավանաբար, նման կարծիք ձևավորվել է այն պատճառով, որ շրջապատի մարդիկ չեն հատել բարոյականության սահմանը և փորձել դասեր տալ։ Ու երբեմն այդ ամենը դառնում է պատճառ՝ ենթադրելու, որ իրենց արարքներն անսախալ են ու աստվածհաճո։ 

 

Մի պահ մտածենք՝ իսկ ո՞վ ենք մենք, որ դատենք, արդյոք դա Աստծու գործը չէ՞, թե՞ կարող ենք մեզ այնքան բարձր դասել, որ իրավունք վերապահենք խառնվել Նրա գործերին։ Ս. Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված նամակում գրում է. ‹‹Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նույնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան›› (Հռոմ. 2:1):

 

Յուրաքանչյուրն ինքը պետք է հասկանա և գիտակցի իր կատարած սխալները և փորձի ամբողջ սրտով զղջալ։ Ու երբ կզղջաք, թող Աստված ինքը որոշի՝ որքան մեղավոր էիք, իսկ շրջապատը թող լինի այն օգնող ուժը, ում միջոցով հնարավոր կլինի հաղթահարել դժվարությունները։ 

 

Մարդու մեջ կա քննելու և զննելու ձգտումը, ու եթե չեք ցանկանում սայթաքել և ընկնել դատելու մեղքի մեջ, այդ ձգտումը փոխարինեք դիմացինի հանդեպ սրտացավությամբ և հոգատարությամբ, և այդկերպ ձեր  քայլը կընկալվի որպես  սիրո դրսևորում։  Ու նախքան որևէ մեկին դատելը, փորձեք աղոթել նրա համար և Աստծուց խնդրել իմաստություն, քանզի դա է միակ ճշմարիտ ճանապարհը։

  • 2022-02-08
×