Երբ սիրում ես

Երբ սիրում ես

Սերը բոլոր առաքինությունների մայրն է, աստվածային առաքինություն, որ երբևէ գոյություն է ունեցել աշխարհում: Սիրել՝ նշանակում է հաղորդակից լինել Աստծուն, ստանալ Տիրոջ ողորմածությունը, վայելել Նրա շնորհները:

 

Սիրո մեջ ամեն բան հասկանալի է, քանզի իրական սերն օրհնություն ու լույս է, որը դու կրում ես քո մեջ և փոխանցում քո շրջապատին: Սերը նման է դրախտից ուղարկված «կախարդական» ակնոցի, որով տեսնում, նկատում ու հասկանում ես մեր աշխարհի ողջ գեղեցիկն ու աստվածայինը, որը մինչ այդ գուցե անտեսել ես կամ ընկալել այլ կերպ:

 

Սերը հանճարեղություն է պարզության մեջ: Այն մտքի ու զգացածի ներդաշնակ միաձուլումն է մարդու հոգևոր գիտակցության մեջ, որը հնարավորություն է տալիս առաջին հերթին նորովի բացահայտելու ինքդ քեզ, հետո քո սիրելիին:

 

Սակայն այս ամենից զատ՝ կարևոր է նաև հասկանալ, որ սերը կոնկրետ գործողություն է, ապրելակերպ, քանզի սիրել նշանակում է կարեկցել, հոգ տանել ու ներել: 

 

Անչափ կարևոր է նաև իմանալ և պատրաստ լինել նրան,  որ սերը  կարող է երբեմն  ցավեցնել ու տառապանք պատճառել, սակայն սիրո դեպքում ցավն ու տառապանքը պարզապես մի խոչընդոտ են, որը հաղթահարելով դու էլ առավել զորանում ես և մաքրագործվում՝ իբրև քրիստոնյա:

 

Սերը փոխում է աշխարհը, վերացնում խավարը, չքացնում չարիքն ու մաքրագործում հոգիդ: Իսկ իրականում այնքան հեշտ է սիրել: Պետք է պարզապես գիտակցել, որ սերը հենց  Հիսուս Քրիստոսն է, ով եկավ այս աշխարհ՝ քեզ փրկելու, տառապեց քեզ համար, խաչը բարձրացավ քո մեղքերի համար և փաստեց՝ Ես սիրում եմ քեզ:

 

Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-09
×