Միաբանությունն ու հաղթական ոգին փոխանցվել է մեր նախնիներից, մեր արյան մեջ է։ Այդ միասնականության շնորհիվ է, որ հայ ազգը կարողանում է դարեր շարունակ պայքարել ու պահպանել իր պետականությունն ու անկախությունը։
Ես ապրում եմ մի երկրում, որը շրջապատված է թշնամիններով. դա էլ, գուցե, մեր դժբախտությունն է։ 2016 թվականն էր, երբ Արցախում սկսվեցին հերթական պատերազմական գործողությունները։ Իմ սերնդակիցներից շատերը ևս այդ ժամանակ գտնվում էին մարտական դիրքերում ու կատարում էին իրենց պարտքը՝ հայրենիքի առաջ։ Տագնապն ու հուսահատությունը չէր թուլանում, ամեն վայրկյան աղոթում էինք, Աստծուն օգնության կանչում։ Որքան ասես հուսալքվում էինք, հետո նորից միավորվում ու չկորցնում տիրապետումը՝ գիտակցելով, որ սա մեր հայրենիքն է, իսկ նրա սահմաների պաշտպանությունն ու անառիկությունը՝ մեր սրբազան պարտքը։
Ինչպես միշտ, Ազգ-Եկեղեցի-Բանակ մեկ միասնականություն դարձած գնում էին առաջ, առանց իրար ձեռք բաց թողնելու՝ գիտակցելով ու հասկանալով, որ անպարտելի են, երբ միասին են։ Զինվորը՝ խրամատում, հոգևորականը՝ եկեղեցում, երբեմն անգամ հենց զինվորի կոքին, իրենց ծառայությունն էին կատարում, իսկ մյուսներն իրենց աջակցությունն էին հայտնում նրանց։ Մենք պատերազմ էինք տեսնում, բայց և զգում, որ մեր թիկունքը շատ ամուր է։
Ավելի սարսափելի բան, քան պատերազմների թողած արհավիրքն է հավանաբար չկա։։ Սարսափելի է այնքանով, որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ, որոնցից յուրաքանչյուրի կյանքը թանկ է ամենքիս համար։
Գիտեք, ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ՝ ինչպես են միջազգային մի շարք կազմակերպություններ այդպիսի իրավիճակներում կա՛մ լռում, կա՛մ էլ կողմերին զսպվածության կոչեր անում։ Ու փորձը ցույց է տալիս, որ աշխարհի անտարբերությունն է պատճառ դառնում՝ նորանոր պատերազմների հրահրման։
Ու մի աբողջ աշխարհ լուռ հետևում է, թե ինչպես են զոհվում միլիոնավոր մարդիկ, ինչպես են խեղաթյուրվում հազարավոր երեխաների ճակատագրեր, ինչպես են շատ կանայք՝ արդեն առանց ամուսինների, պայքարում իրենց երեխաների փրկության համար։
Այո՛, մենք շարունակում ենք անտարբեր մնալ, ու Աստված սա տեսնում է, երբեմն զայրանում, երբեմն նորից Իրեն բնորոշ սիրով մեզ պաշտպանում ու իր ձեռքերի մեջ առնում։ Մենք էլ շարունակենք միսնաբար աղոթք բարձրացնել՝ առ Աստված ու խնդրել, որ այս դժվարին օրերին պահապան ու զորավիգ լինի հայ զինվորին ով, մարտի դաշտում անպարտելի է, իսկ հավատքի մեջ անսասան:
Մարիետտա Խաչատրյան