Գոյություն ունի մի այսպիսի ճշմարտություն՝ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր արարքների համար: Ու կարևոր չէ՝ քանի անգամ կսխալվի կամ կսայթաքի, միևնույնն է պարտավոր է կրել դրա ողջ պատասխանատվությունը: Թերևս, այս մտավախությունն է, որ ստիպում է յուրաքանչյուր քայլից առաջ շատ երկար մտածել և ապա միայն որոշում կայացնել:
Շատ անգամներ ենք հանդիպել այսպիսի մտքի՝ եթե մկրտված չես, մի վախեցիր արածդ սխալների համար: Ուրեմն՝ ի՞նչ է ստացվում՝ չմկրտվել՝ մեղքերի համար զղջում հայցելու անհրաժեշտություն չզգալու համա՞ր, կամ մտածել, որ այդ կերպ պատասխանատվություն չե՞ս կրելու արածներիդ համար:
Նա, ով չի ապրում իր կոչմանը համաձայն և շարունակ գիտակցված սխալներ է թույլ տալիս, նույն կերպ շարունակելու է նաև մկրտությունից հետո, պարզապես այս դեպքում վստահ է լինելու, որ կա ապաշխարություն, և որ Աստված ներելու է իրեն:Աստված գիտի, որ մենք ի վիճակի չենք կատարյալ անմեղ մնալ՝ անկախ նրանից, թե որքան շատ ենք փափագում դա անել, բայց չի նշանակում, որ կարող ենք չարաշահել Աստծո ողորմածությունը ու մեղք գործել՝ արդարանալով, որ անկատար ենք։ Այո՛, Աստծո ողորմությունը սահմաններ չունի, սակայն մենք ենք այն սահմանափակում այն՝ մեր խստասրտությամբ։ Հնարավոր չէ ակնկալել, որ Աստված կների մեր մեղքերը և այդ հույսով շարունակել մեղք գործել:
Գիտակից քրիստոնյան շատ լավ գիտի իր արժանապատիվ կարգավիճակը և ձգտում է հավատարիմ մնալ նրան, ինչին հավատում է։ Նա ջանում է, որ իր գործած արարքները արժանի լինեն շնորհված կոչմանը:
Ի վերջոմկրտությունը խորհուրդ է, որով քրիստոնյան Հիսուս Քրիստոսի հետ մեռնում է և նոր կյանքով հարություն առնում: Այն խորհրդանշում է նվիրումը, խոստումը Աստծուն, որ հավիտյան ծառայելու ես Նրան՝ կյանքում առաջնային համարելով Նրա կամքը կատարելը: