Երկու ճանապարհ

Երկու ճանապարհ

Տրվելով երկրային կյանքի գայթակղություններին՝ մեզնից շատերը սկսում են կախում ունենալ նյութական արժեքներից՝ կարծելով, թե դրանք իսկապես կարևոր  են։ Անշուշտ, բնական է, որ մարդն ունի նյութական կարիքներ՝ սնվել, գլխին տանիք ունենալ և այլն, սակայն որքան շատ ենք սկսում ուշադրություն դարձնել մեր նյութական կարիքներին, ավելի ենք կենտրոնանում միայն ֆիզիկականի, նյութականի վրա՝ հեռանալով հոգևորից։ 


Այս հեռացումը մեզ մոտեցնում է Աստվածաշնչում նշված երկու ճանապարհներից այն մեկին, որն անցնում է լայն դռնով։ Մինչդեռ նեղ դուռն է, որ տանելու է Երկնային արքայության․ «Մտե՛ք նեղ դռնով. Ինչքա՜ն լայն է դուռը և ընդարձակ՝ ճանապարհը, որ դեպի կորուստ է տանում, և բազմաթիվ են նրանք, որ մտնում են դրանով: Ինչքա՜ն անձուկ է դուռը և նեղ՝ ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, և սակավաթիվ են նրանք, որ գտնում են այն» (Մատթ 7։13-14)։

 

Նշված նեղ դռնով անցնելու համար մեզնից պահանջվում է ոչ թե մեզ հետ վերցնել որևէ նյութական արժեք, այլ ընդհակառակը՝ թողնել ամենը։ Չէ՞ որ իրական գանձերը հոգևոր են և իրականում «հարուստ» է նա, ով տիրում է հոգիներին ու սրտերին, և ոչ թե նյութական աշխարհին։ Երկնավոր Թագավորն արդյոք ունի՞ որևէ գանձ, որ նյութական է, արդյոք ձգտո՞ւմ է դրան։


Երկնային արքայության մեջ արդյոք հարստությունը չափվում է ձեռք բերած իրերի ծանրությա՞մբ, թե՞ գործած մեղքերի քանակով, զղջմամբ ու ապաշխարությամբ։ Եվ ահա այդ հարցն է, որ անհավասար է դարձնում նեղ և լայն դռնով մտնողներին։ Լայն դռնով մտնողները՝ նյութապաշտ և նյութակենտրոն, արդյո՞ք երկնայինում ևս կլինեն առաջին շարքում, ինչպես հաճախ երկրայինի դեպքում է։ Ավետարանը տալիս է այդ հարցի պատասխանը ևս․«Եվ ահա վերջիններ կան, որ առաջին կլինեն, և առաջիններ՝ որ կլինեն վերջին» (Ղուկ․ 13։30)։

  • 2022-02-09
×