Ազատորեն բացահայտենք Աստծուն, մեզ ու աշխարհը

Ազատորեն բացահայտենք Աստծուն, մեզ ու աշխարհը

Ինչո՞ւ Աստված եկավ աշխարհ: Սովորեցնելո՞ւ… Բայց Սուրբ Գիրքը խոսում է ավելի շատ Քրիստոսի խաչելության ու մահվան մասին: Հստակ է, որ Քրիստոսի մարդեղության ամենկարևոր նպատակը խաչելությունն էր: Մարդիկ իրենց օրինազանցությամբ ու ձևապաշտությամբ արդեն դատապարտված էին, ուստի՝ Քրիստոսի մարդեղությունը  ոչ թե մեզ ապրել սովորեցնելն էր, այլ մեզ ազատագրելը՝  ինքներս մեզնից, որից հետո միայն մեր սովորածն իմաստ կունենար: Ազատությունը մեզ տրվեց Տիրոջ չարչարանքների ու խաչելության գնով: Քրիստոս տվեց հնարավորություն ոչ թե որ խաղաղ ու հանգիստ ապրենք, այլ որ վերափոխվենք՝ ամեն բան նորից սկսելով: Աստծո ամենամեծ պարգևն ամենքիս ազատությունն է և այդ ազատության մեջ ծնված սերը: Որպեսզի Սերը ծնվի մեր մեջ, կարևոր պայման է ազատ լինելը: Լինել ազատ՝ նշանակում է կարողանալ սիրել ու այդ սերը ազատորեն բաշխել: 

 

Մարդն այնքան ազատ է, որ կարող է նույնիսկ մերժել Աստծուն: Երբ սատանան խաբեց մարդուն, իր հարցը խորամանկ կերպով ձևակերպեց՝ ինչո՞ւ Աստված արգելեց բոլոր ծառերի պտուղներից ուտել, ինչո՞ւ Աստված չի ցանկանում, որ լինեք Իր նման: Թվում է՝ Աստված դիկտատոր է, իսկ չարը՝ դեմոկրատ կամ կոմունիստ (հավասարություն, եղբայրություն, ազատություն): Ցավոք, նախամարդը երբ կերավ պտղից, միակ բանը, որ ճանաչեց, իր մերկությունն էր. ահա «ժողովրդավարության» պտուղը: Սա չի նշանակում, որ արդարացնում եմ դիկտատուրան: Խնդիրն այն է, որ Ադամը ճանաչում էր չարը և բարին: Այլապես ինչպե՞ս կենդանիներին ճանաչեց ու անուններ դրեց: Պարզապես նա հավատաց, որ իմաստությունը կարող է ինքնաբավ լինել: Ինչպե՞ս է հնարավոր չարը ճանաչել, եթե այն չկա: Չարն Աստծուն հակառակվելն է, ուստի՝ այն ճանչելու միակ ճանապարհն Աստծո կամքին հակառակ գնալն է, ինչի արդյունքն ամոթն է: Տերևներով ծածկվելը նշանակում է՝ հասկանում էին, որ դա իրենց բնական վիճակը չէ, բայց հարմարվում էին նոր՝ մեղավոր իրավիճակին: 

 

Մարդը չարի ու բարու գիտության համար վճարեց իր ազատությունը: Այսօր էլ չարը չկա, եթե մենք ազատ ենք, և այդ ազատության մեջ ապրում է Սերը: Իսկ մեր սիրել չկարողանալն այսօր էլ  արդարացնում ենք Աստծուն հակառակվելով ու, ինչն ամենավտանգավորն է, այդ իրավիճակին հարմարվելով:  

 

Քրիստոնյան նա չէ, ով սխալներ չի գործում, այլ նա է, ով կարողանում է վերածնվել և պայծառակերպվել այնպես, որ Քրիստոս գործի իր մեջ: Աստված մեզ սիրում է ոչ թե նրա համար, որ լավն ենք, այլ որ ավելի լավը կարող ենք լինել:

 

Լինել ազատ՝ նշանակում է լինել այնպիսին, ինչպիսին կաս, ու չվախենալ դրանից: Խնդիրը մեր անձը որակելը չէ, այլ մեր իրական պատկերը բացահայտելով՝ մեր մեջ բացահայտել Սերը: Չենք կարող մեր միջի խավարը, սխալները տեսնել, եթե չկա աստվածային սերը: Քրիստոս ասում է՝ ճանաչեք ճշմարտությունը, և այն կազատի ձեզ: Մեր առաքելությունն է մեր մեջ բացահայտել այն, ինչ պատկանում է այդ Ճշմարտությանը․ սա է իրական ազատության ձգտումը: Ազատությունն իրավունք չէ, այլ հնարավորություն: Այսօր ամեն մարդ ծնվում է ազատ, բայց դա ընդամենը իրավական վիճակ է, և չի նշանակում, որ մարդը չի ստրկանա մեղքին ու չարիքին: Ազատությունը հնարավորություն է ներկան գնահատելու և ապագան լուսավորելու: Քրիստոնեական ազատությունը ենթադրում է պատրաստակամություն զոհելու մեր այն իրավունքը, որն սկսվում է այսպես՝ «ես ուզում եմ…»:

 

Եսայի քհն. Արթենայն

  • 2022-02-09
×