Տասը պատվիրաններից երրորդը պահանջում է Աստծո անունը զուր տեղը չտալ (Ելք 20:7), սուրբ պահել Նրա անունը: Աստված այնքան է կարևորել այս փաստը, որ այն դրել է տասը պատվիրանների մեջ:
Մարդիկ ե՞րբ են տալիս Աստծո անունը։ Մեծ մասը Աստծուն հիշում է այն ժամանակ, երբ նեղության մեջ է լինում, ու այդ պահին աղոթելը դառնում է միակ փրկությունը:
Խոսենք մի շատ կարևոր սխալի մասին, ինչը շատերս ենք թույլ տալիս, բայց երբեմն չենք էլ գիտակցում: Արդյոք ամեն անգամ Աստծու անունը տալու պատճառը արդարացվա՞ծ է, թե՞ ոչ: Ցավոք, քչերս ենք խորհում այս մասին: Ամեն օր հարյուրավոր քրիստոնյաներ գնում են եկեղեցի՝ աղոթք բարձրացնելու, որպեսզի Աստծո ողորմությանը արժանանան, բայց նրանցից քանի՞սն են այդ աղոթը կատարում կենտրոնացած վիճակում: Երևի գիտեք, որ ճշմարիտ աղոթքի հիմքը և սկիզբը Աստծուն փառաբանելն է: Սուրբ Բարսեղ Կեսարացին աղոթքի մասին ասում է. «Աղոթք սկսելով` թող անձդ, կնոջդ ու որդիներիդ, թող երկիրը ու բարձրացիր երկնքից էլ վեր, թող երևելի ու աներևույթ ամեն արարածի և սկսիր փառաբանել ամենքի Արարչին»:
Եվ իսկապես, աղոթքի հիմքը ուշադրությունն է:
Աղոթքը զրույց է Աստծո հետ, Աստծո հետ հաղորդակցվելու միջոց: Այն հավատքի զորացումն է, հոգու սնունդն է, շնորհներ տվողը: Եթե ամեն օր չաղոթենք, հոգին կհիվանդանա և կմահանա: Աղոթքը չարի, փորձությունների, մեղքի դեմ պայքարի ամենահզոր զենքն է, սիրո ամենաքաղցր պտուղն է, որ մատուցում ենք Աստծուն: Առանց այս երևույթի, մենք չենք կարող փրկվել։
Ուստի՝ ճշմարիտ, հավատարիմ աղոթքը կազմված է առավել շատ զգացմունքներից, որոնք գալիս են սրտից և մեր հոգու ներքին ցանկությունից։ Կարևոր չէ, թե որքան հասարակ կլինեն բառերը, երբ ցանկություններն անկեղծ են։ Եթե մենք գալիս ենք Տիրոջ առաջ՝ կոտրված սրտով և փշրված հոգով՝ խնդրելու այն, ինչի կարիքն ունենք, ապա Նա անպատասխան չի թողնի մեզ։ Հիշե՛ք, Աստված չի մոռանա ձեզ և չի հեռանա ձեզանից, եթե դուք ինքներդ ձեզ չհեռացնեք Նրան: