Երբեմն հաստատելու համար մեր այս կամ այն ասածը՝ փնտրում ենք դրանք ևս մեկ անգամ ընդգծելու, երաշխավորելու միջոցներ։ Այդ միջոցներից ամենատարածվածը, թերևս, երդումն է։ Շատերի մոտ, հատկապես կյանքի վաղ տարիներին, արմատացած է երդվելու սովորությունը։ Շատ անգամ նաև ստելիս են մարդիկ դիմում երդմանը՝ իրենց ասածին հավաստիություն հաղորդելու համար։ Իսկ ի՞նչ է գրված Աստվածաշնչում երդման մասին։
Հին Կտակարանում ասված է՝ «Երկնչի՛ր քո Տեր Աստծուց. միայն նրա՛ն պաշտիր, նրա՛ն հետևիր ու նրա անունո՛վ երդվիր» (Բ Օրենք 6:13)։ Մինչդեռ Նոր Կտակարանում Քրիստոս ուսուցանում է ամենևին չերդվել։ Ինչո՞ւ։
Հարկ է նշել, որ վերը նշված պատվիրանով Հին Կտակարանում ցանկանում էին վերացնել մարդկանց շրջանում սին կուռքերի անուններով երդվելու սովորությունը և ոչ թե դրդել նրանց՝ անպայման խոսքը երդումով հաստատելու։ Չէ՞ որ երդվում են միայն կատարելությունների անուններով, իսկ միակ Կատարյալն Աստված է։ Քրիստոս Նոր Կտակարանում տալիս է երդման մասին ամբողջական մեկնությունը․«Լսել եք դարձյալ, թե ինչ ասվեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդվել ես»: Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենևի՛ն չերդվել. ո՛չ երկնքի վրա, որովհետև Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրա, որովհետև նրա ոտքերին պատվանդան է, և ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է: Եվ քո գլխով էլ չերդվես, որովհետև չես կարող մի մազ իսկ սպիտակ կամ սև դարձնել: Այլ ձեր խոսքը լինի՝ այոն՝ այո, և ոչը՝ ոչ. որովհետև դրանից ավելին չարից է» (Մատթ․ 5։33-37)։
Որպես քրիստոնյաներ՝ պետք է հասկանանք այս կարևոր պատգամը և փորձենք հակասությունից ներդաշնակության բերել մեր միտքն ու լեզուն․ լինենք ճշմարտախոս և կատարենք աստվածահաճո արարքներ։
Անշուշտ, բարդ է ապրել առանց երաշխիքներ տալու, մանավանդ, երբ միջավայրն է հաճախ «պահանջում» երդումով խոսքի հաստատումը, սակայն ինքներս մեզնից սկսելով՝ դարձնենք մեր այոն՝ այո, իսկ ոչը՝ ոչ, քաջ գիտակցելով, որ «դրանից ավելին չարից է»։