Ստանալով մեր աղոթքների պատասխանները աստվածային սիրո տեսքով՝ ինքներս մեզ հարցնում ենք՝ ինչո՞ւ է Նա մեզ սիրում։ Այս հարցն առաջանում է, քանի որ կյանքում հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ պետք է կատարենք գովասանքի արժանի, այլոց օգտակար մի որևէ արարք, որպեսզի մարդկանց կողմից արժանանանք սիրո։ Ո՞վ է մարդասպանին, թմրանյութեր օգտագործողին կամ գողին սիրում։ Մինչդեռ Աստված սիրում է յուրաքանչյուրիս ոչ թե լավը կամ վատը լինելու, օգտակար կամ անօգուտ արարքներ կատարելու, այլ մարդ լինելու համար։
Սա ամենևին չի նշանակում, որ կարելի է մտածել՝ ինչ կուզեմ, կանեմ, և Աստված, միևնույն է, ինձ կների։ Ո՛չ։ Իմաստը ոչ թե ամենաթողության նախապայմանով ապրելն է և հույսը Աստծո ողորմածության վրա դնելը, այլ մեր աստվածահաճո արարքների շարքում մեր վրիպումներից չվախենալը, անկեղծ զղջալն ու հուսալը, որ Աստված անպայման կների նրան, ով իր սխալ արարքը գիտակցել է և ցանկանում է փոխվել։
Այս առումով առաջանում է հակասություն՝ ինչպե՞ս է Աստված սիրում բոլորին անխտիր, սակայն կարիք կա նա անկեղծ սրտով զղջալ, որպեսզի Նա ների։ Պատճառը պարզ է․ Նա ցանկանում է մեզ տեսնել աստվածահաճո արարքներ կատարելիս և ճիշտ ուղու վրա։ Եվ այս ճանապարհով է նա օգնում մեզ գտնել իրական ուղին, որ տանում է դեպի Նա։ Ինքը՝ Քրիստոս ևս մեզ հղել է հետևյալ պատգամը․ «Այս եմ ձեզ պատվիրում. որ սիրեք միմյանց» (Հովհ․ 15։17)։
Աշխարհիկ բարքերին համապատասխան սիրո մասին մեր պատկերացումները հեղափոխվում են աստվածային սիրո տեսքով մեզ վրա որպես օրհնություն իջած պատասխաններից։ Աստված սիրում է մեզ, ինչպես ծնող, ով երբեք չի ցանկանում տեսնել իր զավակին սխալ ճանապարհին և ամեն բան անում է՝ նրան բարուն և լավին վերադարձնելու համար։ Աստված իր սիրով սովորեցնում է մեզ ճանաչել Իրեն: Այս մասին գրում է նաև Հովհաննես առաքյալը․ «Սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է․և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։ Իսկ նա, ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է» (Ա Հովհ․ 4։7-8):