Ինչպես գիտենք, Սուրբ Հովաննես Կարապետը մկրտեց Հիսուս Քրիստոսին: Նրա սրբակենցաղ կյանքն, իբրև օրինակ, ամբողջ քրիստոնյա աշխարհին դարեր շարունակ ոգևորել և զորացրել է: Սուրբ Հովհաննեսն ու Սուրբ Աթանագինեն այսօր միասին են հիշատակվում, քանի որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը նրանց նշխարները միասին բերեց Կեսարիայից Հայաստան, ուր գնացել էր՝ ձեռնադրվելու նպատակով: Տոնի խորհուրդը կարևոր է, քանի որ Հայաստան բերվեցին Սուրբ Հովհաննես Մկրտչի նշխարները: Եվ հայոց հողի վրա, Սուրբ Գրիգոր Լուսավորչի ձեռամբ, հիմնադրվեց Մշո Սուրբ Կարապետ վանքը: Սուրբ Հովհաննես Մկրտիչը խոստման զավակ էր. նա ծնվեց Զաքարիա քահանայի ընտանիքում, և հենց այդ ժամանակ էր, որ Զաքարիան տեսիլք ստացավ Աստծո հրեշտակից, ով նրան ասաց. «Դու որդի պիտի ունենաս, ով Տիրոջ առջևից պետք է գնա և նրա ճանապարհ հարթողը պետք է լինի»: Սրբազան ավանդությունն ասում է, որ որդու ծնվելուց հետո Սուրբ Զաքարիային նահատակեցին զոհասեղանի վրա` փորձելով ճշտել Հովհաննեսի տեղը, քանի որ Տիրոջ ծնունդից հետո սկսվեց մանուկների կոտորած, և Հերովդեսը ցանկանում էր մանուկ Հովհաննեսին ևս սպանել: Այդ ընթացքում Հովհաննեսը մոր՝ Եղիսաբեթի հետ փախավ անապատ: Եվ Հուդայի անապատում մի քարայրի մեջ ապրելով` սուրբը դարձավ անապատաբնակ: Հետագայում նա հռչակվեց որպես քրիստոնյա ճգնավորների առաջնորդն ու առաջնեկը: Հովհաննես Մկրտչի քարոզն էր՝ ապաշխարել և ապաշխարության արժանի գործեր կատարել: Իր առաքելությունը կատարելով՝ Հովհաննես Մկրտիչը գլխատվեց, սակայն մահվանից հետո էլ իր նշխարները սկսեցին ամբողջ աշխարհով մեկ քարոզել աստվածային ճշմարտությունների մասին: Սուրբ Հովհաննեսի հետ այսօր հիշատակում ենք նաև Սուրբ Աթանագինեին, ով եպիսկոպոս էր: Աթանագինեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, ով հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը: