«Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (Հովհաննես 16:7):
Հիսուս Քրիստոսի Հարությունից 40 օր անց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Համբարձման տոնը: Համբարձում նշանակում է «բարձրացում»: Հարությունից հետո՝ 40 օր շարունակ Քրիստոս երևաց Իր աշակերտներին և հավատացյալներին, ինչպես Ավետարանում է նշվում. «Իրեն կենդանի ներկայացրեց նրանց առաջ շատ ապացույցներով՝ քառասուն օրերի ընթացքում երևալով նրանց և խոսելով Աստծո արքայության մասին» (Գործք առաքելոց 1:3):
40-րդ օրը՝ վերջին հանդիպման ժամանակ, Քրիստոս Ձիթենյաց լեռան գագաթին օրհնեց Իր առաքյալներին՝ պատվիրելով. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրը ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացեք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28:18-20): Մինչ առաքյալները նայում էին Հիսուսին՝ Նա Երկրից համբարձվեց Երկինք: Առաքյալներն ապշած, բայց միևնույն ժամանակ ուրախացած, հետևում էին այդ խորհրդին այնքան, մինչև արդեն նրանց տեսադաշտից վերացավ Հիսուս: Առաքյալները Հիսուսի համբարձման երևույթից չափազանց ոգևորված Ձիթենյանց լեռից վերադարձան և սպասում էին Աստծո խոստումներին:
Ինչո՞ւ համբարձվեց Քրիստոս: Նա համբարձվեց, որպեսզի Երկնավոր Հոր առջև բարեխոսի բոլորիս համար. «Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ» (Հովհաննես 16:7): Հիսուս համբարձվեց երկինք, որտեղից եկել էր մեղավոր մարդկության փրկության համար: Սակայն Քրիստոսի Համբարձմամբ չխզվեցին Աստված-մարդ հարաբերությունները:
Համբարձմամբ ավարտվեց Տիրոջ երկրային կյանքը: Եթե Քրիստոսի Հարությունը փաստում է Տիրոջ հաղթանակը չարի ու մահվան նկատմամբ, ապա Համբարձումը վկայում է մեր կյանքում Քրիստոսի հավիտենական ներկայության մասին: Քրիստոս մշտապես մեզ հետ է, ուղեկցում է մեզ ամենուր, լսում մեր աղոթքները: Հենց Նրա ներկայությամբ է արժևորվում մեր կյանքը. «Ով բնակվում է իմ մեջ, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհաննես 15:5):
Համբարձման տոնը ժողովրդին հայտնի է նաև «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անուններով: Եկեղեցական արարողությունից հետո տոնը շարունակվում է Համբարձմանը նվիրված ժողովրդական երգերով, պարերով ու խաղերով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ՄԱՐԿՈՍՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ