«Եվ Հիսուս ասաց. «Դատաստանի համար եկա այս աշխարհը, որպեսզի, ովքեր չեն տեսնում, տեսնեն, և ովքեր տեսնում են, կուրանան»: Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Միթե մե՞նք էլ կույր ենք»: Հիսուս նրանց ասաց. «Եթե կույր լինեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե՝ տեսնում ենք. և ձեր մեղքը ձեր մեջ հաստատ է մնում»» (Հովհ․ 9։39-41)։
Այսպես Քրիստոս դիմեց փարիսեցիներին, երբ կասկածեցին Նրա գործերին, փորձեցին մերժել Քրիստոսի կատարած զորավոր նշանների աստվածային ծագումը: Կարդալով, սակայն, Քրիստոսի խոսքը, կարծում ենք, թե նա եկել է իսկապես, մեր գիտեցած առաջին իմաստով «դատելու» մեզ։ Այս «դատելը», սակայն, այլ նույնն է, թե «փրկությունը»։ Ինչո՞ւ։
Քրիստոսին անվանում ենք նաև Փրկիչ, և նրա ներկայացրածի բովանդակությունն էլ այս հատվածում այլ բան չէ, քան հենց փրկությունը։ Հովհաննեսի Ավետարանում էլ այս մասին գրված է․ «Աստված Իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի» (Հովհ. 3:17): Փրկության համար աշխարհ եկած Քրիստոս, սակայն, խիստ էր աստվածային հայտնություններն անտեսողների՝ իրենց ոչ կույր հռչակած կույրերի հանդեպ։
Փորձենք հասկանալ՝ ինչու Քրիստոս բժշկեց կույրին, ով հավատաց, իսկ փարիսեցիները կուրացան, քանի որ չէին հավատում։ Փարիսեցիները կարծում էին, թե կարողանում են տեսնել, մինչդեռ չէին տեսնում, մինչդեռ կույրը չէր պարծենում տեսնելու իր կարողությամբ։ Հենց այս մասին է խոսքը, երբ ասվում է դատաստան, որը այլ բան չէ, քան մարդու հոգում կատարվողը․ հավատո՞ւմ եմ, թե՞ ոչ, և որը կլինի իմ յուրաքանչյուր պատասխանի հետևանքը։ Դատաստանը ներսից՝ հոգուց է, և ոչ թե դրսից։
Առօրյայում երբեմն մենք էլ, մեղադրելով և մեր կարծիքով՝ ճիշտ ուղղություն ցույց տալով, նմանվում ենք այն մարդկանց, ովքեր կարծում են, թե տեսնում են, մինչդեռ չեն տեսնում։ Իսկապես, հեշտ է տեսնելու քողի տակ աչքերը պինդ փակելու սովորությունը ձեռք բերելը և պահպանելը։ Ինչո՞ւ չենք ցանկանում իսկապես տեսնել։ Գուցե քանի որ հնարավոր է՝ տեսնենք մեզ տհաճ որևէ երևո՞ւյթ, որ մեր օգտին չէ։ Գուցե այլևս չե՞նք ցանկանում խոստովանել, որ ունենք հոգու կուրություն։ Գուցե չե՞նք ցանկանում գտնել համապատասխան բուժումը։ Արդյո՞ք մեղադրանքները կարող են օգնել մարդուն։ Ո՛չ, պիտի իմանանք, որ եթե մեղադրանքները բարուց չեն, չեն կարող մեղադրվողին մղել դեպի բարիքը։
Ուստի՝ մեղադրելուց առաջ եկեք մի պահ խորհենք՝ արդյո՞ք մենք էլ նման չենք փարիսեցիներին, որ ձևացնում են, թե տեսնում են, մինչդեռ իրականում առավել վատ վիճակում են, քան «կույրերը»։ Եվ արդյոք մե՞նք պիտի սահմանենք՝ ով է կույր, իսկ ով ոչ։