Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Արարատյան դաշտում իջավ Միածին Որդին և ոսկե մուրճով ցույց տվեց այն տեղը, որտեղ պիտի կառուցվեր Իր լուսախորանը: Հենց այդտեղից պիտի բաշխվեր կենսատու Լույսը, որը պիտի լուսավորեր ամբողջ աշխարհը:

 

Ինչպես Ագաթանգեղոս պատմիչն է վկայում, Մայր Տաճարը կառուցվել է Տրդատ 3-րդ թագավորի և Գրիգոր Լուսավորիչ կաթողիկոսի օրոք` Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջին տարիներին (301-303թթ): Պատմիչները մոտավորապես 9 ազգեր են հիշատակում, որոնք քրիստոնեական մեծ հաղթանակի և հարության հույսով են տոգորվել՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի շնորհիվ և Սուրբ Էջմիածնից ծագող լույսով:

 

Հայաստանում քրիստոնեության հաստատումից անմիջապես հետո, մայրաքաղաքին կից, սկսվեցին Մայր Աթոռի կառուցման աշխատանքները: Այդպիսով, այն դարձավ բոլոր եկեղեցիների մայրը, և հայ եկեղեցու հոգևոր բարձրագույն իշխանությունն ու աթոռանիստ վայրը տեղակայվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

 

Բազմաթիվ են տաճարներն աշխարհում, սակայն բոլոր տաճարների նախահիմքը եղավ Սուրբ Էջմիածինը: Այն աշխարհում երբևէ հիմնված տաճարներից առաջինն էր: Սա մի շրջան էր, երբ աշխարհում բացի հայերից դեռևս ոչ մի ազգ չէր ընդունել քրիստոնեությունը:

 

Այսպիսով, Սուրբ Էջմիածնի տոնի մեջ որպես հավատացյալներ պիտի տեսնենք բոլոր եկեղեցիների հիմնադրման ցնծությունը: Այն տեղը, որ Աստծու համար էր նախատեսված, այժմ դառնում է մեր և Աստծու ժամադրության վայրը: Եվ թող Սուրբ Էջմիածնի տոնը առիթ հանդիսանա մեզ համար՝ խորհելու Եկեղեցի գաղափարի մասին՝ թե՛ որպես քրիստոնյա, թե՛ որպես հայ։

 

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սուրբ Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի օրը: Տոնի օրը մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաև նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և տաճարի կառուցման մասին է:

  • 2022-02-08
×