Հինանց յոթերորդ կիրակին մեր տոնացույցի մեջ ծանոթ է Երկրորդ Ծաղկազարդ անվամբ։ Այս տոնը ունի իր պատմությունը, որը կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետ։
Խոր Վիրապ նետված Ս. Գրիգոր Լուսավորիչը մարդկանցից մոռացված ապրում էր անհույս կացության մեջ։ Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի միակ մխիթարությունն ու սփոփանքը Քրիստոսի հանդեպ իր ունեցած հաստատուն հույսն ու հավատքն էին։
Եվ նա, կենդանի հավատով զորացած, իր ժամանակն անցկացնում էր Խոր Վիրապում մինչև այն օրը, երբ հաղթանակելու էր հավատը, և նա դուրս էր գալու վիրապից՝ սկսելու նոր, պայծառացած ու իմաստավորված կյանք։
Խոր Վիրապում անցկացրած տարիների ընթացքում Ս. Գրիգոր Լուսավորիչը մշտապես մտաբերում էր Պողոս առաքյալի խոսքերը. «Դրա համար էլ չենք տկարանում. այլ, թեպետև մեր այս արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե. որովհետև մեր թեթև նեղության առժամանակյա հաճախանքը մեր մեջ առաջ է բերում հավիտենական փառք, որ գերազանցում է ամեն ինչ. քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին, որովհետև տեսանելիները ժամանակաւոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական» (Բ. Կր. 4։16-18)։
Աստված Լուսավորչին մխիթարելու համար ամեն օր ուղարկում էր չորրորդ դասի հրեշտակներից։ Համբարձման չորրորդ օրը հրեշտակը բացակայում է։ Երբ հաջորդ օրը սուրբը հարցնում է բացակայության պատճառը, հրեշտակը պատասխանում է, որ ամեն տարի, Քրիստոսի երկինք հաղթական վերադարձը փառաբանելու համար, հրեշտակների ինը դասերը հաջորդաբար, ինն օր շարունակ, հանդիսություններ են կազմակերպում։ Քանի որ ինքը պատկանում էր չորրորդ դասին, ուստի՝ չէր կարողացել այդ օրն այցելել սուրբին, որովհետև պետք է իր խմբի հետ լիներ և մասնակցեր Հիսուսի երկինք մուտքի չորրորդ օրվա հանդիսություններին։
Մեր Սուրբ հայրերը ևս մեկնաբանում են, որ Համբարձման տոնից ուղիղ 10 օր հետո Հոգեգալստյան տոնն է այն պատճառով, որ Քրիստոս հրեշտակաց 9 դասերով անցավ՝ ամեն մի դասում մեկ օր մնալով և հանգստանալով։
Առաջին Ծաղկազարդին Տերը փառաբանվում էր ինչպես Դավթի Որդի, իսկ Երկրորդ Ծաղկազարդին` ինչպես Աստծո Որդի:
Այսպիսով՝ եթե բուն Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի արքայական մուտքը Երուսաղեմ, ապա Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում է Հիսուսի փառավոր մուտքը Վերին՝ Երկնային Երուսաղեմ՝ հրեշտակների ուղեկցությամբ: