Ի՞նչն է մեզ դրդում, որ սուտ խոսենք

Ի՞նչն է մեզ դրդում, որ սուտ խոսենք

Որքան էլ ցավալի հնչի, սուտն ու խաբեությունն առկա են մարդկային գրեթե բոլոր հարաբերություններում: Ամեն մարդ իր կյանքում, կամա, թե ակամա, բազմիցս խաբել է ուրիշներին. մի անգամ սուտը պարծենալու համար է պետք եղել, մի ուրիշ անգամ` պատասխանատվությունից խուսափելու, իսկ ոմանց համար դա արդեն սովորություն է դարձել:

 

Մի՞թե սուտը մեր կյանքի անբաժանելի մասն է։ Կան ստի տարբեր տեսակներ, որոնցից մի քանիսին փորձենք անդրադառնալ:

 

Սուտը՝ հիվանդություն. Կան մարդիկ, ովքեր առանց ստելու չեն կարող ապրել: Այս մարդիկ ստում են և անկեղծորեն հավատում իրենց հորինած ստին: Իրականում նման դեպքում մարդն ավելի շատ ինքն իրեն է խաբում՝ ամբողջովին ու անմնացորդ հավատալով իր ստեղծած ստին, և այն դարձնում է իր համար համոզմունք: Իրականում նրանց  կյանքը մեծ կեղծիքի է նման, բայց նրանք այդքանը գիտակցելու կարողություն այլևս չեն ունենում:

 

Իրավիճակային սուտ. Կարծում եմ՝ շատերի  կյանքում է եղել, երբ տհաճ իրավիճակից դուրս գալու համար ստիպված են եղել ստելու: Այն ավելի շատ նման է փրկության: Ասում եմ՝ ստիպված են եղել, որովհետև կան մարդիկ, ովքեր առանց  պատճառ ստում են: Ու կան մարդիկ, ովքեր գիտակցելով իրենց սուտը, սակայն, այնուամենայնիվ, տարբերակ չունենալով՝ գնում են այդ քայլին: Այս մարդկանց մեծ մասը հետագայում զղջում է իրա արածի համար և Աստծուց ներում հայցում:

 

Բայց ամենից վտանգավորները, նրանք են, ովքեր ստում են, ու երբեք էլ ներում չեն հայցում, որովհետև ստելը իրենց համար դարձել է սովորական մի երևույթ:

 

 Նման մարդկանց համար կա մի այսպիսի խոսք. «Ով խոսելիս մի անգամ ստում է, ստիպված է լինում միշտ ստելու, որով իսպառ օտարանում է ճշմարտությունից և դառնում ստի շտեմարան: Քանզի նախորդ սուտը ծածկելու համար ջանում է այլ սուտ հորինել, որպեսզի չխայտառակվի, երկրորդը քողարկելիս սուտը երրորդում է, դարձյալ աշխատում այլ ստերով քողարկել նաև դա և շարունակ մի ստից մյուսին է դիմում, մինչև կատարյալ ստախոս է դառնում: Ուրեմն՝ պետք է ջանալ հենց սկզբից երբեք չստել»:

 

Այսպիսով՝ ամեն ոք պետք է լավ մտածի և որոշում կայացնի, թե որն է նախընտրում` քաղցր սո՞ւտ, թե՞ դառը ճշմարտություն:

  • 2022-02-08
×