Հոգեգալուստը կամ պենտեկոստեն (հիսնօրյակ) Նոր Կտակարանի Գործք Առաքելոց գրքի երկրորդ գլխում նկարագրված իրադարձությունն է, երբ Հիսուս Քրիստոսի Հարությունից հիսուն օր անց, նրա խոստումի համաձայն, Սուրբ Հոգին կրակե լեզուների տեսքով իջավ առաքյալների ու աշակերտների վրա, և նրանք սկսեցին խոսել տարբեր լեզուներով:
Այս տոնով հիմք է դրվում քրիստոնեական եկեղեցու սկզբնավորմանը: Քրիստոս իր աշակերտներին ասում է. «Եթե Ինձ սիրում եք, կպահեք Իմ պատվիրանները. և Ես պիտի աղաչեմ Հորը, և Նա մի այլ Մխիթարիչ պիտի տա ձեզ, որպեսզի հավիտյան ձեզ հետ բնակվի Ճշմարտության Հոգին» (Հովհ. 14․15-17): Եվ դարձյալ՝ «Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14. 26): Սրանով հայտնում է, որ Սուրբ Հոգին Հորից է գալու:
Սուրբ Հոգու գալուստով հենց Քրիստոս է մեզ այցելում: Հայտնություն 3.20-ում Հիսուս խոստանում է. «Ահա Ես դռան առաջ կանգնած եմ և թակում եմ։ Եթե մեկը լսի իմ ձայնը և դուռը բաց անի, կմտնեմ նրա մոտ և ընթրիք կանեմ նրա հետ, և նա՝ ինձ հետ»:
Մեր սրտի դուռը մշտապես թակում է Քրիստոս և հետևաբար Սուրբ Հոգի ասելով` մենք այլ բան չենք ընկալում, քան այն միակ Աստծուն, որին մենք դավանում ենք:
Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Ս. Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է:
Սուրբ Հոգու շնորհներով է, որ մենք ճշմարիտ մարմին և անդամ ենք դառնում մեր Սուրբ Եկեղեցու։ Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալին խուսափել հպարտությունից և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել: