«Թու՛յլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ․․․»

«Թու՛յլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ․․․»

Մանկությունը շատ կարևոր շրջան է մարդու կյանքում, հենց այս շրջանում է մարդ սովորում և ճանաչում աշխարհը։ Սակայն մանկությունը կարևոր է ոչ միայն հենց մանկան համար, այլ նաև ծնողների, քանզի երեխայի ծնունդով է դրվում մի նոր սկիզբ։ Այս կերպ եղավ և Փրկչի դեպքում․ Բեթղեհեմում ծնված Մանուկը դրեց նոր սկիզբը, ճանապարհը և ճշմարտությունը։

 

 

Ինքը՝ Քրիստոս իր առանձնահատուկ վերաբերմունքն ուներ մանուկների նկատմամբ։ Ավետարանիչներն առանձնացրել են մի դրվագ՝ մանուկների հանդեպ Նրա ունեցած վերաբերմունքին առնչվող: Մարդիկ մանուկներ են բերում Հիսուսի մոտ, որպեսզի Նա ձեռքը դնի նրանց վրա: Հիսուս, չնայած իր աշակերտների խոչընդոտին, ձեռքը դնում է մանուկների վրա և օրհնում է նրանց: Ավելին՝ Հիսուս մատնանշում է մանուկներին՝ որպես օրինակ իրեն հետևողների համար. «Թու՛յլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ և արգելք մի՛ եղեք նրանց, որովհետև Աստծու արքայությունը այդպիսիներինն է: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծո արքայությունը չընդունի որպես մանուկ, նրա մեջ չի մտնելու» (Մարկ10:14-15):  Քրիստոս համարում է, որ Երկնքի արքայությունը հենց նրանցն է, ովքեր անմեղ են, անկեղծ հավատում են նրան։ Իսկ երեխաները հենց այդպիսին են:

 

 

Մանուկները ընդունում են Քրիստոսի խոսքն՝ առանց վարանելու։ Եվ «մանկան պես ընդունել» արտահայտությունը մեկնաբանվում է որպես պարզ, մաքուր ու առանց երկմտելու ընդունել։ Մանուկները, թեև  անհատներ են՝ իրենց նախասիրություններով, աշխարհի հանդեպ ունեցած նախնական գիտելիքներով, սակայն նաև ունեն իմաստություն՝ տրված ի վերուստ։ Նրանք առավել շատ զգում են աշխարհը, քան տեղեկություն ունեն դրա մասին։ Հենց այդտեղից է գալիս Քրիստոսի և նրանց կապը․ չէ՞ որ Աստված-Մարդ հարաբերությունը հիմնված չէ կյանքի ընթացքում ստացած գիտելիքի վրա։

 

 

Երբեմն, սակայն, այս ամենն իմանալով հանդերձ՝ մարդիկ մտածում են՝ ինչպե՞ս երեխային տալ հոգևոր դաստիարակություն, ի՞նչ անել չսխալվելու համար այդ դաստիարակության ճանապարհին, ե՞րբ սկսել այդ դաստիարակությունը։ Այնուամենայնիվ, երեխաների հոգևոր դաստիարակություն տալու մասին խորհելիս՝ պետք է հիշել մի պարզ կանոն։ Երեխաներն իրականում ըմբռնում են ավելին, քան մենք ենք պատկերացնում, այդ իսկ պատճառով հոգևոր դաստիարակությունը սկսելու ժամանակահատված անհնար է տարանջատել․ այն պետք է սկսել անգամ մինչև մանուկների ծնունդը, չէ՞ որ հոգին ավելին է, քան մարմինը

 

Երեխաների աղոթք

Ով մեծ Աստված,
Որ տվել ես ինձ բարի հայր ու սիրող մայր,
Տուր ինձ շնորհ անել աղոթք, լինել խելոք
Պարկեշտ ու հեզ, միշտ սիրել Քեզ: Ամեն:

  • 2022-02-08
×