Հայ ժողովրդական տոներին առնչվող ասացվածքներն ու բանաձևերը

Հայ ժողովրդական տոներին առնչվող ասացվածքներն ու բանաձևերը

Պատմում են, որ ժամանակին թշնամիները լավ իմանալով, որ հունվարի 6-ին հայերը մեծ տոնախմբության պատճառով տանը չէին լինում, սկսում էին հարձակվել, ուստի՝ հատուկ այս առիթով մարդկանց մեջ պահպանվել է մի ասացվածք .

                       «Աստված պահե Հայտնությունե հեծելեն,

                        Վարդավառի հեղեղեն...»

Շիրակի մարզում ընդունված էր կարծել, որ Ջրօրհնեքի տոնից հետո յուրաքանչյուր օր մի գարու հատիկի չափ երկարում է: Իսկ ահա Տրնդեզի կրակն իր հետ  բերում էր օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն, և կրակն այրելով մարդիկ միմյանց կոչ էին անում «ձմեռը վառել»: Հարկ է նշել, որ տոնի հետ մեկտեղ ավարտվում էր նաև «ձմռան քառասունքը»:

Տյառնընդառաջն այնքան կարևոր և սրբացված օր էր, որ երբեմն նույնիսկ նրանով երդվում էին կամ նրա անունը տալով որպես երաշխիք: Հետաքրքրական է նաև Զատկի տոնի հետ կապված բանաձևերն ու ասույթները: Օրինակ`անդրադառնալով Զատկի տոնին ախառ անելու անհրաժեշտությանը ասում էին.

                    «Էն քրիստոնեն, որ ախառով չմասնավորվի,

                    սաղ տարին իրավունք չունի մսի համ տեսնելու»:

Իսկ ահա ակնարկելով Զատկի մատաղը բաժանողների ազնվությունն ու արդարամտությունը՝ ասում էին.

   «Զատիկ ախառ օրը մատաղ բաժանողներին կտակ եմ անում»:

Իսկ խոսելով Զատկին հաջորդող կիրակիներին ձվախաղերի առատության մասին՝ ասում էին.

    «Ընչանք կանանչ կիրակին... ջեբերը լիքը ձու կլինի:

Հետաքրքիր և յուրօրինակ է նաև Վարդավառի տոնը: Այս տոնին շատերը վախենում էին հասունացած բերքի կորստից, այդ պատճառով ասում էին.

   «Տեր, պահպանիր մեզ Վարդավառի բուքից ու կարկուտից, Տերնտասի տաք ու շոգից»:

                       «Վարդավա~ռ, վարձքդ կատար»:

Խոսելով նաև Ս. Խաչի տոների հետ մեկտեղ սկսվող օդի պաղության, ինչպես նաև բացօթյա գիշերների ավարտի մասին՝ ասում էին.

                      «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»:

                      «Աստվածածնա`բակը մտիր, Սըբ խաչին`ծակը մտիր»:

Իսկ ակնարկելով Ս. Գևորգի տոնին երկրագործական աշխատանքների ավարտը՝ ընդունված էր ասել.

                       «Ցախավելը կալից էկավ տուն»:

        

 

  Աղբյուր`Հրանուշ Խառատյան-Առաքելյան «Հայ Ժողովրդական Տոները»
           Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-08
×