Հայ ժողովրդական տոնացույցում ընդգրկված սրբերի կերպարների ժողովրդական ընկալումները

Հայ ժողովրդական տոնացույցում ընդգրկված սրբերի կերպարների ժողովրդական ընկալումները

Ուսումնասիրելով տոների նկարագրությունները՝ տեսնում ենք, որ ժողովրդական տոնակատարություններում զգալի և մեծ տեղ է հատկացվում սրբերին: Հարկ է նշել, որ գոյություն ունեին նաև այնպիսի տոնահանդեսներ, որոնք ամբողջապես նվիրված էին այս կամ այն սրբի երկրպագությանն ու փառաբանմանը:

 

Ազգային-եկեղեցական ամենից հեղինակավոր և պաշտելի սրբերից մեկն, անշուշտ, Սուրբ Սարգիսն է: Հետազոտողներն ապացուցել են, որ Սուրբ Սարգիսը հայոց կրոնական մշակույթում ունի հնագույն ակունքներ: Պահպանվել են նաև բազմապիսի ավանդազրույցներ և հետարքրքրաշարժ պատմություններ: Օրինակ` Սուրբ Սարգսի մասին ամենուր պատմվող ավանդազրույցներից առավել հաճախ հանդիպողն այն մասին է, թե ինչպես Սուրբ Սարգիսը, սիրահարվելով հույն թագավորի դստերը (կամ քրոջը), փախցրել է նրան և հետապնդողներից ազատվելու համար խիստ բուք է բարձրացրել և շատերին խեղդել: Պատմում են, որ հույներից վրեժխնդիր լինելու նպատակով՝ ամեն տարի իր տոնին նա բուք է բարձրացնում և մի հույն խեղդում: Որոշ պատմություններում հույներին փոխարինում են վրացիները, բայց պատմության բովանդակությունը նույնն է:

 

 Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակավոր սրբերից է նաև Սուրբ Կարապետը: Սուրբ Կարապետին եկեղեցական տոնացույցում նվիրված են չորս տոներ։  Ինչպես Սուրբ Կարապետի հետ կապված պահպանվել են բազում հետարքրքիր և յուրօրինակ ավանդազրույցներ, որոնցից է օրինակ`այն, որ Մշո Սուրբ Կարապետ վանքից քառորդ ժամվա հեռավորությամբ գտնվող քարի վրա ցույց են տալիս ջորու ոտքի հետքերը: Ավանդության համաձայն՝ այն պահին, երբ Սուրբ Կարապետի նշխարները ջորու վրա տանելիս են եղել, այդ քարի մեջ խրվել է ջորու ոտքը, և նա մնացել է անշարժ:

 

Մեկ այլ ավանդություն էլ պատմում է, որ Հին Նախիջևանի Ապրակունիս գյուղի Սուրբ Կարապետ վանքի արևելյան կողմում գտնվող «Կաթանք» կոչվող աղբյուրի ջուրն այնքան առատ է եղել, որ բավարարել է պարսիկներից հալածանքների ենթարկված ու եկեղեցու տարածքում ապաստան գտած շրջակա գյուղերի հայ բնակիչներին: Ասում են, թե աղբյուրը ցամաքել է մի վարդապետի մեղքերի պատճառով, որն իր անվայել արարմունքով Վարդավառի տոնին անարգել է նրան:

 

Եկեղեցու նշանավոր սրբերից է նաև Սուրբ Գևորգը, ով ծնվել է Կապադովկիայում, քրիստոնյա ընտանիքում, այնուհետև թաքցնելով իր քրիստոնյա լինելու հանգամանքը՝ զինվորագրվել է հռոմեական բանակին, արագորեն ստացել զորավարի աստիճան և դարձել Դիոկղետիանոս կայսեր սիրելին: Սակայն երբ կայսրը խորհրդածություններից մեկի ժամանակ քննարկում էր քրիստոնյաներին հալածելու հարցը, նա հակառակ կարծիք է արտահայտում, և այստեղ բացահայտվում է նրա քրիստոնյա լինելու փաստը։ Նրան բանտարկում են ու սկսում ենթարկել տարաբնույթ չարչարանքների՝ փորձելով «դարձի բերել»: Նա թվացյալ «համաձայնում է» տեսնել և ընդունել կուռքերին, բայց երբ նրան բանտից տանում են կուռքերի մոտ, նա կործանում է դրանք: Տեսնելով այս ամբողջը՝ կայսրը անմիջապես հրամայում է գլխատել հանդուգն քրիստոնյային: Սակայն բացի հերոսական կյանքից ու գիտակցյալ անմահությունից, սրբի հետ կապված պատմվում են նաև բազմաթիվ հետաքրքիր ավանդազրույցներ:

 

Հայ Եկեղեցու նշանավոր սրբերից մեկն է նաև Սուրբ Հակոբը, որի մասին նույնպես պատմվում են բազում յուրօրինակ ավանդազրույցներ և պատմություններ: Օրինակ` Լոռու Ամոճ գյուղի մոտ՝ մի բլրակի վրա գտնվում է Սուրբ Հակոբ ուխտատեղի։  Ասում են, թե Սուրբ Հակոբը իր գավազանը դրել է այնտեղ, որտեղ էլ հետագայում բուսնել ծառեր: Պետք է իմանալ, որ Սուրբ Հակոբի մասին պատմող բազմաթիվ զրույցները վկայում են նաև, որ նա ունեցել է աղբյուր բխեցնելու կարողություն, ընդ որում`այդ աղբյուրների ջրերը եղել են չափազանց օգտակար:

 

Իսկ Թուխ Մանուկը Եկեղեցու ամենից կոլորիտային և յուրատեսակ կերպարներից է: Հարկ է նշել, որ եկեղեցական տոնացույցում հիշյալ բոլոր սրբերը, Թուխ Մանուկից զատ, ունեն իրենց տոնական օրերը: «Թուխ Մանուկը» սրբավայրերի և ուխտավայրերի անուն է, որոնք հիմնականում կա՛մ քառակույտ են, կա՛մ խաչքար, կա՛մ էլ փոքրիկ մատուռ, որի ճարտարապետական հորինվածքը բավական պարզագույն: Ժամանակին Թուխ Մանուկի անունը կրող սրբավայրերը բավական շատ էին, և չկար որևէ բնակավայր, որտեղ չլիներ Թուխ Մանուկի անունը կրող մեկ կամ նույնիսկ մի քանի սրբավայր:

 

Ամենօրյա կենցաղում Թուխ Մանուկին հիշում էին գլխավորապես տարեց կանայք, որոնք յուրաքանչյուր կիրակի մոմ էին վառում նրա անունով և խունկ ծխում: Եկեղեցու բոլոր սրբերը բացառիկ են ու հետաքրքիր, և նրանցից յուրաքանչյուրը կարող է մեզ սովորեցնել առանձին և ուսուցողական կյանքի դասեր, որոնք ճիշտ նպատակին ծառայեցնելու դեպքում կարող են դառնալ պարզապես անգին մեր քրիստոնյա հոգևոր կյանքում:

 

Աղբյուր՝ Հրանուշ Խառատյան-Առաքելյան «Հայ Ժողովրդական Տոները»

 Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-08
×