Լույսն ընդդեմ խավարի

Լույսն ընդդեմ խավարի

Երբեմն, բախվելով անսպասելի խնդիրների, ներփակվում ենք ինքներս մեր մեջ՝ հուսահատ մեկուսանալով։ Այլևս չենք համարում, որ մեր մտքերը, զգացմունքները հնարավոր է պատմել որևէ մեկին։ Հույս չենք դնում և ոչ ոքի վրա, չենք վստահում ոչ ոքի․ չէ՞ որ նախկինում ունեցել ենք մեկ- երկու անհաջող փորձառություն։ Չվստահելով ու հուսահատ մեկուսանալով, ավաղ, կորցնում ենք վստահությունն ու հավատն առ Աստված։ Սակայն արդյո՞ք ճիշտ ենք վարվում։

 

Աստված վերմարդկային է, Նա է մարդուն ստեղծողը՝ Արարիչը։ Արդյո՞ք ճիշտ է, որ մարդկանցից մեկուսանալուն զուգահեռ՝ նեղանում և մեկուսանում ենք անգամ մեզ ստեղծողից․ չէ՞ որ նա ինքը գիտի ամենն՝ առանց բացատրության։

 

Մեկուսացած լինելը երբեք չի կարող մարդուն վեր բարձրացնել, այլ հակառակը՝ մեկուսավածությամբ ու հուսահատությամբ ավելի ու ավելի ենք գլորվում մեր իսկ ստեղծած մութ անդունդը։ Այնտեղ չենք զգում և ոչ ոքի ներկայությունը։Հոգևոր մեկուսացման  անդունդում երբեք հնարավոր չէ բաշխել Աստծուց տրված սերը, փոխարենը մեծ հնարավորություններ կան սեփական անձի վրա կենտրոնանալու և եսասիրության զարգացման համար։ Այս մութ ճանապարհի վերջում երբեք վառվող լույս չկա, այլ խավար է միայն։ Ուրեմն, ինչպե՞ս դուրս գալ այդ անդունդից։

 

Իհարկե, խավարը հաղթահարելու համար լույս է անհրաժեշտ։ Իսկ որտե՞ղ է լույսը։ Ավետարանում Քրիստոս ասում է․ «Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. 8:12)։

 

Այսպիսով՝ թեև բարդ և դժվարին է ճանապարհը, որ անցնում է ամենքից նեղացած, հեռացած, հուսահատ ու մեկուսացած  մարդն Աստծուն վերագտնելիս, սակայն առավել քաղցր են դրա արդյունքները։ Աստվածային լույսով լուսավորված ճանապարհը մարդ անցնում է՝ զգալով Նրա ներկայությունը։ Այդ լույսն է, որ առաջնորդում է մարդուն և հանում նրան մութ անդունդից։ Այդ լույսն է, որ նման չէ ֆիզիկական լույսին, քանզի չի կարող կուրացնել։ Այն օգնում է, որպեսզի մարդ տեսնի դեռ չտեսածը, նկատի ոչ նկատելին։ Այդ լույսն է բազում մարդկանց վեր հանել մութ անդունդներից՝ տալով նոր հնարավորություն, որպեսզի դառնան աստվածային սիրո տարածողներ։

  • 2022-02-08
×