«Արդարև, Տերն Աստված է» (Գ Թագ․ 18։39)

«Արդարև, Տերն Աստված է» (Գ Թագ․ 18։39)

Այսօր Սուրբ Եղիա մարգարեի հիշատակության օրն է։

 

Եղիա անվանումը նշանակում է «Աստծո ամրոց»։ Հենց այս արտահայտությունը բնութագրում է Եղիա մարգարեի էությունը, ով հայտնի է որպես քարոզիչ, հրաշագործ և հավատացյալ։ Նա ապրեց ճգնակենցաղ կյանքով՝ դառնալով վանականության հիմնադիրը։
Միաժամանակ, նա մեզ նման սովորական մահկանացու է, ինչպես Հակոբոս առաքյալն էր վկայում (Հակոբոս 5:17):
Նա աշխարհի անօրինությունների, անարդարությունների դեմ դուրս եկավ իր հավատով՝ անտարբեր չմնալով։ Եվ նրա աստվածային շնորհի միակ պատճառը նրա հավատն ու սերն էր՝ առ Տերը։

 

Նա մերժում էր կռապաշտությունը։ Այս մասին Թագավորաց Գ գրքում պատմվում է, որ Եղիան՝ Աստծո մարգարեն, և Բահաղի քրմերը,  ապացուցելու համար, թե ում Աստվածն է ճշմարիտ, զոհեր են մատուցում՝ պայման դնելով, որ աղոթեն և տեսնեն, թե ում զոհի կրակը կվառվի առանց իրենց միջամտության` երկնային հրաշքով: Քրմերը շատ էին, իսկ նա՝ մենակ։ «Նրանք առավոտից մինչև կեսօր դիմելով Բահաղին՝ ասում էին. «Լսի՛ր մեզ, Բահա՜ղ, լսի՛ր մեզ»: Բայց ո՛չ ձայն կար, ո՛չ պատասխան: Նրանք ցատկոտում էին իրենց կառուցած զոհասեղանի շուրջը: Երբ կեսօր եղավ, թեզբացի Եղիան ծաղրեց նրանց՝ ասելով. «Բարձրաձա՛յն կանչեցեք, չէ՞ որ աստված է, թերևս զբաղված է, կամ գործ է կատարում, կամ գուցե քնած է և զարթնի»» (Գ Թագ 18։26-27)։ Բահաղի քրմերի զոհը չընդունվեց, իսկ Եղիայի զոհը երկնային հրաշքով ընդունվեց: Թագավորի հրամանով սպանվեցին Բահաղի քրմերը։Սակայն Հեզաբել թագուհին, ով ևս կռապաշտ էր,  չհանգստացավ, այլ բանագնաց ուղարկեց Եղիայի մոտ՝ նրան սպանելու նպատակով: Թագուհու դավադրանքներից խուսափելու համար մարգարեն հեռացավ Կարմելոս լեռը և շարունակեց այնտեղ ապրել:

 

Նա մահ չտեսավ, որովհետև, Աստծո կամքով, նա մարմնով վեր բարձրացավ դեպի երկինք։

 

Մարգարեի կյանքը օրինակ է յուրաքանչյուրիս համար։ Նա իր խոնարհ կյանքով միաժամանակ սովորեցնում է մեզ, որ հարկ է պայքարել անարդարությունների, անօրենությունների դեմ։ Նա ինքը, ճանաչելով Տիրոջը, գտած լինելով ճիշտ ուղին, ցույց տվեց այն նաև այլոց, ովքեր մոլորված էին։ Նրա խոնարհ կյանքի վրա իջավ աստվածային օրհնությունն՝ ի պատասխան գործերի, Տիրոջ նկատմամբ հավատքի, վստահության ու սիրո։ Սակայն Եղիա մարգարեն չէր գործում այդ պատասխանի համար, այլ հոգու և սիրո։
Եղիան էլ մարդ էր, ինչպես մենք, ուստի՝ նրա սխրանքը կարող է դառնալ յուրաքանչյուրինս, ով ցանկանում է կենարար պահել իր հավատքը և ով իսկապես հավատում է։

 

Հայ Առաքելական Եկեղեցու սրբերի շարքում Սուրբ Եղիա մարգարեին առանձնահատուկ տեղ է հատկացված։ Ի տարբերություն մյուս սրբերի, որոնց հիշատակությունը տոնում են շաբաթվա սովորական օրերին, Սուրբ Եղիա մարգարեի հիշատակությունը կատարվում է հոգեգալստին հաջորդող կիրակի օրը։

  • 2022-02-08
×