Տանջանքի տուն Եգիպտոսից նոր-նոր դուրս եկած և դեպի Ավետյաց երկիր շարժվող Իսրայելի ժողովրդին Տիրոջ պատվիրանները փոխանցելիս՝ Մովսես մարգարեն այս ամենը, կարծես, ամփոփում է ընդամենը մեկ պատգամի մեջ: Պատգամ, որը դարեր ի վեր եղել է դեպի Աստված տանող ճանապարհի առաջին, պարզ ու գլխավոր ուղենիշը և որ է. «Լսի՛ր Իսրայել, Տերը՝ մեր Աստված, մեկ Տեր է, և դու պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ զորությամբ» (Երկրորդ Օրենք 6.4-5): Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, Օրենքի ուսուցչից լսելով նրա իսկ կողմից բարձրացված ու նրա իսկ կողմից տրված հարցի պատասխանը (տե՛ս Ղուկաս 10.25-27), ասում է. «Ճիշտ պատասխան տվեցիր, այդ արա՛ և կփրկվես» (Ղուկաս 10.28): Իսկ Սրբազան ավանդության կողմից Ղուկասի Ավետարանի 10.28 (հմմտ. Երկրորդ Օրենք 6.4-5) համարն անվանվում է «Մեծ պատվիրան»: Վերոնշյալ երկու սուրբգրային տեղիներում «պիտի սիրես» արտահայտությամբ ընդգծվում է Աստծու հանդեպ մարդու ունեցած թերևս միակ ու գլխավոր պարտավորությունը: Իսկ հեթանոսների առաքյալ Պողոսն էլ իր` կորնթացիներին ուղղված առաջին նամակում երկար ու հանգամանալից խոսում է սիրո մասին ու ասում. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա: …. Սերը երբեք չի անհետանում. թե մարգարեություններ են, պիտի չքանան. թե լեզուներ՝ պիտի լռեն. թե գիտություն՝ պիտի անցնի» (Ա Կորնթացիներ 13.1-8), իսկ վերջում ոսկե տառերով սեպագրում է. «Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք՝ երեքը. և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթացիներ 13.13): Այս ամենի դիտարկումից անխուսափելիորեն մի քանի հարցեր են առաջանում. ինչո՞ւ է մարդու ունեցած միակ ու գլխավոր պարտավորությունը հենց սերն Աստծու հանդեպ, ինչո՞ւ է սիրելը «Մեծ պատվիրան», ինչո՞ւ է սերն ավելի մեծ, քան մյուս առաքինությունները, ինչո՞ւ սերը երբեք չի անհետանում կամ հավիտենական է, և վերջապես ինչո՞ւ է առաքյալը հատկապես շեշտում. «Եթե սեր չունենամ, ոչինչ եմ»: Այս բազմապիսի ու դժվարին հարցերի պատասխաններն անհրաժեշտ է փնտրել միայն ու միայն Սուրբ Գրքի շրջանակում: Իզուր չէ, որ հենց Հովհաննես աստվածաբան-ավետարանիչ առաքյալն է ստացել «Սիրո առաքյալ» պատվանունը, քանզի հենց նա է իր Առաջին ընդհանրական թղթում վերջնական ու անգերազանցելի պատասխան տալիս այս խրթին հարցերին՝ ասելով. «Աստված սեր է» (Ա Հովհաննես 4.8): Հովհաննեսի այս փոքրիկ արտահայտությունը մի մեծ լույս է սփռում վերոբերյալ հարցերի վրա` ամրագրելով, որ նախ Սիրո հետ շփվում են միայն սիրո միջոցով, ապա՝ սիրելով մենք նմանվում ենք Աստծուն, այնուհետև՝ Աստված հավիտենական է, ուստի հավիտենական է նաև սերը, և վերջապես՝ առանց Սեր-Աստծուն մեր մեջ ունենալու՝ մենք ոչինչ ենք և ոչինչ չենք կարող անել: Ահա՛, այս է Սերը, և միայն այս ճանապարհով է հնարավոր հասնել Բարձրագույն Սիրո շնորհած փրկությանն ու հավիտենական կյանքին:
Պատրաստեց՝ Հրաչ ՍՈՒԼԹԱՆՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ