Մեր եկեղեցին ունի խաչին նվիրված չոր տոն՝ Գյուտ Խաչի, Խաչվերաց, Երևման Ս. Խաչ, Վարագա Ս. Խաչ: Երևման Սուրբ Խաչի տոնը հաստատվել է գեղեցիկ ավանդությամբ, և բոլոր քրիստոնեական Եկեղեցիները տոնում են այն:
351 թվականին, երբ Կյուրեղ Հայրապետը Երուսաղեմի պատրիարքն էր, քրիստոնեական աշխարհում ընդվզում էր արիոսականությունը: Այս աղանդը շատ խորը արմատներ ուներ, բայց Կյուրեղ Երուսաղեմացու օրոք հրաշք է տեղի ունենում: 351 թվականի մայիսի 7-ին Երուսաղեմի երկնակամարում երևում է լուսեղեն խաչը: Շուրջ երեք ժամ այնպես հզոր էր երկնակամարում խաչի երևումը, որ արեգակն անգամ խամրել էր: Այն չէր կարելի համարել տեսիլք, դա իսկապես աստվածային հրաշք էր, որով ևս մեկ անգամ հաստատվեց, որ ճշմարիտ Աստված է մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ Գողգոթայի բարձրունքում խաչված և Ձիթենյաց լեռից համբարձված:
Մեր եկեղեցական հայրերը, խաչի երևման այս փաստը բացատրելով, խոսում են հետևյալի մասին. քրիստոնյայի կյանքում ոչինչ պատահական չի լինում, և խաչի երևումն էլ պատահականություն չէր։ Ավելին՝ դա անհրաժեշտություն էր, որպեսզի մեկ անգամ ևս աստվածային հրաշքի փառքը տեսնի յուրաքանչյուր մարդ: Երկնակամարում խաչը ձգվում էր Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, և այդ երևույթը հնարավորություն ունեցան տեսնելու հեթանոսներ և հրեաներ, հավատացողներ և անհավատներ: Դրանով մեկ անգամ ևս նրանց գիտակցության մեջ հստակ ամրագրվեց այն փաստը, որ քրիստոնեությունը մեռած գաղափարախոսություն չէ, և երկրպագելով խաչը՝ մենք երկրպագում ենք Խաչյալին:
Հակառակ թյուր կարծիքին և ընկալումներին՝ խաչը չի կարելի համարել մահվան գործիք, քանի որ Քրիստոսով մահվան այդ գործիքը դարձավ փրկության կենաց ծառ:
Ամենապանծալի Ս. Խաչը վեմ է հավատքի՝ Սուրբ Եկեղեցու հիմքում, պարիսպ է ամրութան, կուռքերի պաշտանմունքը վերացնողն է:
Խաչը հրեաների համար կործանում եղավ և հեթանոսների համար՝ հիմարություն, իսկ իրեն երկրպագողների համար՝ պարծանք: Խաչը նահապետների ցանկությունն է, մարգարեների կանխասացությունը, առաքյալների քարոզչությունը և հայրապետերի դավանանքը: Խաչը մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը, խաչը կենաց ծառն է և անմահության պտուղը: Խաչն անմեղների խրատն է և մեղավորների քավիչը, խաչը մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը: Ահա՛, այսպիսի բնութագրումներ է տրվում եկեղեցու հայրերի կողմից մեզ համար փրկության զենք հադիսացող խաչին:
Փորձենք միշտ խաչի առջև երկրպագել և նրա զորությունը հայցել՝ մեծ հավատով ու վստահությամբ: