«Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն » (Մատթ 5։5)

«Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն » (Մատթ 5։5)

Առերեսվելով կյանքից մեզ բաժին հասած դժվարություններին՝ երբեմն առիթ ենք ունենում կարծել, թե խոնարհությունն ու հեզությունը, որ փորձել ենք պահպանել քրիստոնեաբար, բնավ այդքան կարևոր արժեքներ չեն և խանգարում են մեզ՝ պաշտպանել մեր շահերը։

 

Սակայն խորհենք նաև, թե ինչու կարիք ունենք արդարանալու այլոց առաջ։ Ինչո՞ւ ենք շարունակ փորձում պաշտպանելու ինքներս մեզ, մարդկային հարաբերություններում ցույց տալու, թե արդար ենք, ազնիվ նպատակներ ունենք, ցույց տալու մեր ուժը։

 

Սուրբ Գրքում բազմիցս գրվել է հեզության և խոնարհության մասին՝ որպես քրիստոնյայի կյանքի հիմնաքարային արժեքի։ «Տերը սիրում է իր սուրբ ժողովրդին, և փառաւորում հեզերին փրկությամբ» (Սաղմ. 149:4), «հեզաբարո մարդը սրտի բժիշկ է…» (Առակաց 14:30)։ Հեզության օրինակ ցույց է տալիս նաև Քրիստոս․ «Իմ լուծը ձեր վրա վերցրե՛ք և սովորեցեք ինձնից, որ հեզ եմ ու սրտով խոնարհ. և ձեզ համար հանգիստ պիտի գտնեք, որովհետև իմ լուծը քաղցր է և իմ բեռը` թեթև» (Մատթ. 11:29-30)։

 

Նման տարակուսության մեջ հայտնվելիս՝ հիշենք Փրկչի՝ Քրիստոսի օրինակը։ Նա երբեք չարդարացրեց ինքն իրեն, անգամ իր վրա վերցրեց ողջ մարդկության մեղքերը և դատապարտվեց խաչելության։ Արդյո՞ք դրանից նա մեղավոր դարձավ Աստծո առաջ, արդյո՞ք նրա խոնարհությունը խանգարեց նրան և արդյո՞ք նրա արարքը կարիք ուներ արդարացման։ Նրա ողջ երկրային կյանքն անցավ թերահավատությամբ շրջապատված, սակայն նա իր գործով ցույց տվեց, որ իսկապես Փրկիչն է, խոնարհ է, թեև առավել է ամենքից։ Անգամ խաչի վրա Քրիստոս ներում էր խնդրում Հորից․ «Տեր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»  (Ղուկ․ 23։34)։

 

Ուստի՝ առօրեական մանր խնդիրների դեպքում էլ պետք չէ մոռանալ խոնարհության այս կարևոր պատգամը՝ Տիրոջից, տրված բազմիցս։ Խոնարհությունն է, որ զարդարում է քրիստոնյային և նրան ուղղորդում դեպի իրական, քրիստոնեական սերը, քրիստոնյային վայել կյանքը։

  • 2022-02-08
×