Քրիստոնեությունը խեղճության կրոն չէ։ Այն, սակայն, կրում է և մեզ է փոխանցում խաղաղության պատգամը, որը հաճախ շփոթելի է դառնում խեղճության հետ։ Սակայն ի՞նչ է այդ խաղաղությունը։
Աստված, մարդուն ստեղծելով, նրա մեջ չդրեց տագնապը, չդրեց և խեղճությունը, այլ պարգևեց նրան խաղաղ կյանք, որը փոխվեց անհնազանդությամբ։ Հետագայում, կրկին մարդկանց փոթորկված հոգիներին խաղաղություն պարգևելու համար՝ Աստված ուղարկեց իր Միածին Որդուն՝ Քրիստոսին, ով ինքը՝ խաղաղությունն էր։
Լեռան քարոզի ինը երանիներում նշվող այս խաղաղարարները հենց քրիստոնյաներն են՝ խաղաղության պատգամը կրողները։
Խաղաղություն փնտրում են բոլորը, հաճախ մարդիկ անգամ զոհում են իրենց ունեցած ամենաթանկը՝ խաղաղությունից չզրկվելու համար։ Միաժամանակ, խաղաղության քողի տակ գործվում են Աստծուն ոչ հաճելի, արատավոր արարքներ․ ասում են՝ անգամ պատերազմները մղվում են՝ հանուն չգտնված խաղաղության։
Երբեմն մարդիկ մյուսին ցավ պատճառելու համար ոչ թե ընտրում են նրան ֆիզիկապես վնասելու ուղին, այլ խլում են նրանից կարևորը՝ խաղաղությունը, վնաս պատճառելով նրանց ներքին աշխարհին։ Խաղաղության բացակայությունն է հանգեցնում շատերի խեղված ճակատագրերի, երկրների միջև ընդհարումների, խաղաղության որոնումն է մարդկանց հասցնում այլ քաղաքներ ու երկրներ՝ տանելով հազարավոր կիլոմետեր հեռու։ Սակայն որտե՞ղ փնտրել իրական խաղաղությունը։
Պատասխանը, գուցե կանխատեսելի է և պարզ, սակայն միակ հնարավորն է։ Խաղաղություն պետք է փնտրել ներսում։ Ինչպես կարիք չկա Աստծուն հանդիպելու համար գնալ մի հստակ վայր, այնպես էլ Քրիստոսով մեզ տրված խաղաղությանն է անհնար մի վայրում հանդիպել։ Աստված միշտ լսում է մեզ, երբ մենք դիմում ենք նրան, նա ամենուր է, սպասում է մեզ ամենուր։ Խաղաղությունը միշտ իջնում է մեզ վրա, երբ փնտրում ենք այն՝ ներս, ոչ թե դուրս նայելով։
Քրիստոս ինքը՝ խաղաղությունն է։ Կորցնելով Նրան մեր ճանապարհին՝ կորցնում ենք և խաղաղությունը՝ մշտապես տրված բարեհաճ Աստծո կողմից և մշտապես չգնահատված անկատար մարդուց։
Լցվենք խաղաղությամբ և դառնանք խաղաղարարներ, որպեսզի է՛լ ավելի մոտենանք Աստծուն։