Ճանապարհ՝ լի աստվածային սիրով

Ճանապարհ՝ լի աստվածային սիրով

«Դուք եք, որ մարդկանց առաջ ձեզ արդար եք ձևացնում, սակայն Աստված ձեր սրտերը գիտե. որովհետև այն, որ մարդկանց առաջ բարձր է, Աստծու առաջ զազրելի է»  (Ղուկ. 16:15)

 

Աստված ամենքիս ճանաչում է և գիտի, թե ինչ ենք զգում և մտածում: Եվ երբ փորձում ենք աշխարհից և Աստծուց թաքցնել մեր զգացմունքները՝ կարծելով, թե այդպիսով մեղք գործած չենք լինի, մոռանում ենք մի շատ կարևոր հանգամանք. Աստծուց չենք կարող ոչինչ թաքցնել:

 

Մարդը սխալական է, և բնական է, որ պետք է կյանքի ընթացքում գործի սխալներ՝ գիտակցված կամ ոչ, զղջա այդ սխալների համար, ապաշխարի և փորձի մոտենալ Աստծուն: Այսպիսով՝ Աստված կամենում է մեզ տեսնել ոչ թե անսխալական, մեղքերը թաքցնող, այլ սեփական սխալները տեսնող, ընդունող և դրանց համար զղջացող: Թեև այս ճանապարհը ամենահեշտը չէ եղածներից և պահանջում է բացարձակ անկեղծություն, սակայն այն Աստծուն մոտենալու միակ ճանապարհն է:

 

Աստված ամենատես է և տեսնում է՝ երբ ենք մեղք գործում՝ անկախ նրանից՝ մենք կամենում ենք այն ընդունել, թե ոչ: Սակայն մեր գործած սխալները նրան խոստովանելով է, որ հնարավորություն ենք ունենում ամրացնել մեր և Աստծո հարաբերությունները և ներում հայցել:

 

Իսկ կների՞ մեզ Աստված:  Այս հարցը հաճախ տանջում է նրանց, ովքեր պատրաստվում են անցնել զղջման և ապաշխարության ճանապարհով: Պատասխանը մեկն է: Աստված Սեր է, և ով հայցի նրա ներողամտությունը, կստանա: Չէ՞ որ Աստված կամենում է, որ մենք անենք միաժամանակ ամենապարզն ու ամենաբարդը՝ սիրենք. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ իմ աշակերտներն եք, եթե դուք սիրեք միմյանց այնպես, ինչպես որ ես ձեզ սիրեցի» (Հովհ. 13:35)

  • 2022-02-08
×