Իրական գանձերը

Իրական գանձերը

Առօրյան և կենցաղը փոխում են յուրաքանչյուրիս, դարձնում մեզ ավելի մակերեսային, նյութական արժեքներով շարժվող։ Տարածված կարծիք է՝ մարդ չի կարող ունենալ բարձր գաղափարներ, երբ ունի օրվա հացի հայթայթման խնդիր։ Մարդիկ շարժվում են ըստ առաջնահերթությունների ՝ապահովում մարմնական պահանջները՝ հոգևորից առաջ։

 

Սակայն միաժամանակ ականատես ենք լինում նաև այնպիսի դեպքերի, երբ մարդիկ աղքատության մեջ ստեղծում են մշակութային, հոգևոր արժեքներ։ Ինչպե՞ս են հաջողել։

 

Այդ մարդիկ գտել են ապրելու իրական, աստվածահաճո ուղին։ Խոսքը բնավ այն մասին չէ, որ Աստծուն հաճելի է մեզ տեսնել աղքատության և սովի մեջ, ո՛չ։  Աստված չի տալիս մեզ նաև աղքատ լինելու պատգամ։ Խոսքն այն մասին է, որ յուրաքանչյուր իրավիճակում պետք չէ մոռանալ Նրա մասին, այլ պետք է առաջնորդվել Նրա խորհրդով, ապավինել և աղոթել Նրան։ Նաև այն մասին է, որ պետք չէ կառչած լինել նյութական և անցողիկ աշխարհից, այլ խորհել հավիտենական արժեքների մասին։

 

Ավետարանում այս մասին ասվում է․ «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցեք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն» (Մատթեոս 6։19-22)։ Իրական գանձերի ստեղծման վայրը մեր հոգին է, գանձեր ստեղծողները և կուտակողները՝ մենք։ Մեր ստեղծած հոգևոր գանձերը երբեք հնարավոր չէ գողանալ կամ կորցնել։ Եվ հենց ա՛յդ գանձերն են, որ մնայուն են, որ պիտանի են ոչ միայն մեզ, այլ ամենքին, որ հնարավոր չէ պահել և վայելել միայնակ։

 

Կարիք չկա ողջ կյանքը նվիրել նյութական գանձերին։ Դրանք հակված են պակասելու, մինչդեռ հոգևոր, երկնային գանձերը բազմապատկվում են։ Ինչպես օրինակ՝ սերը, որ բաշխելիս ոչ թե պակասում է, այլ ավելանում։ Այսպիսի գանձերն են, որ մեզ մոտեցնում են Աստծուն։

 

Ուրեմն՝ ինքներս մեզ հարցնենք, թե ինչն է խանգարում մեզ, որպեսզի իրական գանձեր ստեղծողներ, կուտակողներ ու բաշխողներ դառնանք։ Գուցե նյութական «գանձե՞րը»։

  • 2022-02-08
×