Ավագ շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդոց 5:21-24): Ադամը, ուտելով պտուղը, վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը, չուտելով երկրի պտուղը, մտավ Դրախտ ու անմահություն:
Ավագ Երկուշաբթին նաև «Անպտուղ թզենու» հիշատակության օրն է:
Առավոտյան ժամերգության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշատակում են «Անիծված թզենու» պատմությունը, երբ Հիսուս, Բեթանիայից Երուսաղեմ վերադարձին, անեծքով չորացնում է անպտուղ թզենին` վկայելով` «Եվ ամեն ինչ, որ ուզեք աղոթքի մեջ հավատով, կստանաք» (Մատթ. 21:22):
Ըստ 7-րդ դարի մեկնիչ Ստեփանոս Սյունեցու՝ թզենին «թլպատված» ժողովուրդն է, որի մոտ եկավ քաղցած Քրիստոս և պտուղ չգտավ, այլ միայն՝ ցնորական կենդանություն, ուստի Նրա գալով թզենին չորացավ:
Անպտուղ և տերևազարդ թզենին այն քրիստոնյաներն են, ովքեր միայն հավատք ունեն, բայց ոչ բարի գործ: Ինչպես որ տերևն է ծառի նշանը, այնպես էլ հավատքը՝ քրիստոնյայի. Քրիստոսը մեծ քաղցով դեպի մեր հոգիներն է գալիս՝ առաքինի պտուղ գտնելու՝ թե՛ մեր պատանեկության, թե՛ երիտասարդության և թե՛ ծերության ժամանակ: Հետևաբար՝ հո՛գ տանենք, որ անպտուղ չլինենք:
Մեկնիչները գրում են, որ աստվածային զորությունը առավել շեշտելու համար Քրիստոս հատկապես թզենին ընտրեց, քանի որ այն մյուս ծառերից ավելի ուշ է չորանում․ ավելի մածուցիկ է և կաթի նման հոսող նյութ ունի: Հակառակ նրա, որ ծառն արմատահան անելուց և կտրելուց հետո որոշ ժամանակ է հարկավոր, որպեսզի ամբողջապես չորանա, թզենին չորացավ Քրիստոսի խոսքերից անմիջապես հետո: Հիսուս, խաչելությունից առաջ չորացնելով թզենին, ցույց տվեց Իր աստվածային զորությունը՝ վկայելով, որ նույն ձևով կարող էր ոչնչացնել նաև Իր թշնամիներին, սակայն բոլոր չարչարանքները կամավորաբար հանձն առավ՝ հանուն մարդկության փրկության:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին