Ավագ Երեքշաբթի

Ավագ Երեքշաբթի

«Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» (Մատթեոս 25։13)

 

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով Ավագ Երեքշաբթի է: Այն հիշատակում է արարչության երրորդ օրը, երբ Աստված երկրի վրա պտղատու ծառեր աճեցրեց, ջրհեղեղի իրողությունը, ինչպես նաև հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրությունն ու փարիսեցիների հանդիմանությունը (Մատթ. 21.23-46, 22.1-46, 23.1-36): Ավագ Երեքշաբթի օրվա խորհուրդը ներկայացնում է «Տասը կույսերի» առակը (Մատթեոս 25:1-13), որը հորդորում է նմանվել իմաստուն կույսերին և պատրաստ լինել Տիրոջ հրաշափառ Գալստյանը: Այն նաև կապված է նախորդ օրվա խորհրդի հետ այն ակնարկով, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ Գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես և երկնքի արքայությունից դուրս կմնանք այնպես, ինչպես հինգ կույսերը: Այս առակով Քրիստոս այլաբանորեն պատասխանում է Իրեն տրված` Երկնքի արքայության մասին հարցերին: 

 

Առակում հինգ իմաստուն և հինգ հիմար կույսեր գնում են Փեսային դիմավորելու։ Հինգ իմաստուն կույսերը իրենց հետ ձեթ վերցրին, իսկ հիմարները՝ ոչ։ Երբ լամպի ձեթը վերջացավ, հիմարները գնացին ձեթ գնելու։ Հենց այդ ժամանակ եկավ Փեսան, և հինգ իմաստուն կույսերը նրա հետ հարսանիքի սրահ մտան, իսկ դուռը փակվեց նրանց ետևից։

 

Երբ հիմար կույսերը եկան, խնդրեցին բացել դուռը, Փեսան  պատասխանեց, որ նրանց չի ճանաչում՝ հավելելով. «Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը» (Մատթեոս 25։13)։

 

Առակում հիշատակվող տասը կույսերը խորհրդանշում են բոլոր հավատացյալներին, որոնց մեջ կան և՛ չար ու անիրավ, և՛ բարի ու արդար մարդիկ: Իմաստունները նրանք են, ովքեր իրենց աստվածահաճո կյանքով արժանանում են Աստծո ողորմածությանը: Հիմարները ձգտում են մարմնավորի ու զրկվում հոգևորից:

 

Առակում լապտերը ճանապարհն է ցույց տալիս, յուղը խորհրդանշում է ողորմությունն ու մարդասիրությունը: Իսկ կուսությունը խորհրդանշում է Երկնքի արքայության ճանապարհը:  Հիմարները վերցրին լապտերները, բայց ոչ ձեթը, ինչը խորհրդանշում է մարդու մարմինն առանց բարի գործերի: Թեև նրանք էլ արհամարհել էին հաճույքները, հրաժարվել աշխարհից, սակայն յուղ՝ ողորմություն չունեին, ուստի և Երկնքի արքայության դուռը փակվեց նրանց առջև, արժանացան Աստծո մերժմանը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում» (Մատթեոս 25:12):

 

Իսկ իմաստունների արարքը խորհրդանշեց մարմնականի և հոգևորի միասնությունը: Փեսան առակում խորհրդանշում է Տիրոջը, փեսայի գալը՝ Նրա երկրորդ Գալուստը։

 

Վա՛ռ պահենք մեր հոգու լապտերները, քանզի անհայտ է Տիրոջ երկրորդ Գալստյան օրը։ Լինենք ողորմած, որպեսզի երբ Տերը գա, չլինենք հանգած լապտերով, թեկուզ և ճիշտ և քրիստոնեական ճանապարհի վրա լինենք:

 

Ավագ երեքշաբթի օրվա երեկոյան ժամերգության ընթացքում կարդացվում է Տասը կույսերի առակը։ Տասը մանուկներ, խորհրդանշելով տասը կույսերին, վառվող մոմերով կանգնում են Ավետարանի առջև: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր են լինում, իսկ մյուս հինգի ձեռքին՝ հանգած:

 

Տասը կույսերի առակը
Մատթեոս 25։1-13

 

«Այն ժամանակ երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի, որոնք իրենց լապտերներն առած`փեսային և հարսին դիմավորելու ելան: Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը` իմաստուն: Հիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձեթ չվերցրեցին: Իսկ իմաստուններն իրենց լապտերների հետ միասին ամաններով ձեթ վերցրեցին: Եվ երբ փեսան ուշացավ, ամենքն էլ նիրհեցին ու քուն մտան: Եվ կեսգիշերին ձայն լսվեց` ահա´ փեսան գալիս է, նրան դիմավորելու ելե´ք: Այն ժամանակ բոլոր կույսերը վեր կացան և իրենց լապտերները կարգի բերեցին: Հիմարներն իմաստուններին ասացին. «Ձեր այդ յուղից տվե´ք մեզ, որովհետև ահա մեր լապտերները հանգչում են»: Իմաստունները պատասխան տվեցին և ասացին. «Գուցե թե´ մեզ և թե´ ձեզ չբավականացնի, ուստի գնացե´ք վաճառողների մոտ և ձեզ համար գնեցե´ք»: Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակվեց: Հետո եկան մյուս կույսերն էլ ու ասացին. «Տե´ր, տե´ր, բա´ց արա»: Նա պատասխան տվեց և ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»: Արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք ո՛չ օրը և ո՛չ էլ ժամը»։

  • 2022-02-08
×