Մայրությունը Աստծո մեծագույն շնորհն է՝ տրված կնոջը

Մայրությունը Աստծո մեծագույն շնորհն է՝ տրված կնոջը

Ըստ Ավետարանական ճշմարտության` Գաբրիել հրեշտակապետն այցելում է Սուրբ կույս Մարիամին և հայտնում մարդկության փրկության ավետիսը, որ Նրանից ծնվելու է Աստծու Որդին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը:

 

Սուրբ Կույս Մարիամի ծնողները բարեպաշտ և աստվածավախ անձիք էին և նախքան Մարիամի ծնվելը ուխտել էին իրենց զավակին ընծայել Տաճարին, ուստի երեք տարեկանից սկսած `մինչև չափահասություն (14 տարեկան), Նա հանձնվել էր նվիրյալ այրերի խնամքին, կրթվել, դաստիարակվել և ծառայել էր Տաճարում: Վերադառնալով հայրական տուն՝ Նազարեթ, որոշ ժամանակ անց նշանվել էր Հովսեփի հետ:

 

Սակայն Աստծո նախախնամությամբ Նրան վիճակված էր անարատ հղությամբ իր արգանդում կրել Աստվածորդուն և դառնալ մեր Փրկիչ՝ Տեր Հիսուս Քրիստոսի Մայրը: Սուրբ Կույսի միջոցով աշխարհ եկավ Շնորհը և Լույսը, Փրկությունն ու Կյանքը՝ Հիսուս Քրիստոս:

 

Ավետարանում այդքան էլ շատ չեն վկայությունները Մարիամ Աստվածածնի մասին, բայց բոլոր դրվագներում Նա հանդես է գալիս որպես անմնացորդ սիրող, հոգատար և նվիրված մայր:

 

Սուրբ Կույսն իր հեզությամբ և խոնարհությամբ կատարյալ կնոջ և մոր տիպար է: Մայրությունը Աստծո յուրահատուկ շնորհն է՝ տրված կնոջը, որով նա կարծես մոտենում է Արարչին, կարողանում է առավել խորը զգալ և գիտակցել լույս աշխարհ եկած երեխայի նկատմամբ տածվող ողջ պատասխանատվությունը: Երեխաների հանդեպ դրսևորվող մայրական սերը, խնամքը, հոգատարությունը, նրանց դաստիարակումը կնոջն օժտում են յուրահատուկ գեղեցկությամբ ու հմայքով:

 

Աստվածաշնչում ասված չէ, որ յուրաքանչյուր կին պետք է մայրանա, սակայն ամեն կին, ով արժանանում է այդ օրհնությանը, պետք է դրան վերաբերվի կատարյալ պատասխանատվությամբ և լրջությամբ: Մայրությունը չի սահմանափակվում միայն ծննդաբերելով և մանուկ հասակում սնելով ու այլ խնամատարությամբ: Մայրը կարևորագույն դեր է կատարում զավակի ամբողջ կյանքի ընթացքում՝ լինի նա երեխա, դեռահաս, թե հասուն ու կայացած մարդ:

 

Հայ Առաքելական Եկեղեցին հնուց ի վեր Սուրբ Ավետման տոնը նշել է ապրիլի 7-ին: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Սուրբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Այդ օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որի ավարտին կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ, որպեսզի Աստվածամոր բարեխոսությամբ օրհնվեն հայոց ընտանիքները՝ հավատարիմ մնալով եկեղեցու սուրբ ավանդությանն ու դավանանքին:

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2022-02-08
×