«Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճյուղերը։ Ով բնակվում է իմ մեջ, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհաննես 15։5)
Աստված-մարդ հարաբերությունները շարունակ դառնում են մտորումների առարկա։ Մարդ մշտապես մտածում է այս հարաբերություններում իր դերի մասին, դատողություններ է անում, հերքում կամ հաստատում դրանք։ Հետաքրքիր է, սակայն, որ այս հարցի հստակ պատասխանն Աստված ունի և այն փոխանցել է նաև մարդուն, մինչդեռ սխալական մարդը շարունակ փնտրում է պատասխանը։ Լսելով այն անգամ Աստծուց՝ չի համակերպվում և որոնում է նոր իմաստ այդ պատասխանի մեջ։
Սակայն այս հարցի մասին մտորող յուրաքանչյուրիս համար մեկ բան պարզ է՝ Աստված սկիզբն է ամենի, Արարիչն է և ստեղծողը։ Աստված է ստեղծել նաև մեզ՝ մարդկանց։ Նրա շնորհիվ և նրա հանդեպ հավատքի միջոցով է, որ ճանաչում ենք կյանքը։ Ամեն օր աղոթելով՝ խնդրում ենք Աստծուց հանապազօրյա հաց, փրկություն չարից՝ հավատալով, որ ամենն, ինչ ունենք, Աստծո շնորհիվ է։
Նրա Միածին Որդին՝ Քրիստոս, հավատացյալներիս պատվիրում է․ «Ինչպես իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրո մեջ հաստատո՛ւն մնացեք» (Հովհաննես 15։9): Քրիստոսի պատվերը մեզ այն է, որ սիրենք միմյանց և հաստատուն մնանք այդ սիրո մեջ։ Կա՞ ավելի հեշտ և ավելի բարդ բան, քան այս պատվերը։ Մարդկությունը երբևէ ավելի դժվարացե՞լ է նման պարզ պատվեր կատարելու մեջ։ Արդյոք սա չէ՞ մարդ-Աստված հարաբերության հիմնաքարը, հիմնական գաղափարը՝ դրված Աստծո կողմից։ Արդյոք սա՞ չի ցանկանում ուսուցանել մեզ Աստված՝ իր Միածին Որդուն ուղարկելով աշխարհ, որ խաչելության ու ծաղրի դատապարտվի՝ մեր մեղքերի համար։ Մարդիկ շարունակ փնտրում են հարցի պատասխանը՝ ո՞րն է նրանց դերը Աստծո հետ հարաբերություններում, և մոռանում են այս պարզ և միաժամանակ բարդ պատգամը՝ տրված Քրիստոսից․ «Այս եմ ձեզ պատվիրում. որ սիրեք միմյանց» (Հովհաննես 15։17)։
Փորձենք դառնալ այն, ինչ եղել ենք ի սկզբանե՝ ստեղծվելով Արարչից և Աստծո պատկերով ու նմանությամբ։ Վանենք մեզնից մտքերը՝ չարից տրված, աղոթքով հաղթահարենք աշխարհի ու մարդկության մարտահրավերը՝ չարությունը, գործենք բարին, քանի որ ստեղծված ենք հենց բարիք գործելու, սիրո և այդ ճանապարհին Տիրոջը չմոռանալու համար։ Չէ՞ որ առանց նրա «ոչինչ անել չեք կարող» (Հովհաննես 15։5), և բարին ու սերն են, որ մեզ ավելի են մոտեցնում Աստծուն։