Արցունքը հոգու արյունն է

Արցունքը հոգու արյունն է

Այս խոսքերը պատկանում են մեծանուն սրբերից մեկին։ Դրանք իրական ապրումների բառային արտահայտումն են, ինչպես կենդանի մարդու հայելային պատկերը։ Այսպիսի նկարագրության համար պետք է, որ մարդ ճաշակած լինի ճշմարիտ ապաշխարության կենարար երջանկությունը։ Իսկ ի՞նչ է ապաշխարությունը։ «Ապաշխարել», գրաբարում նշանակում է ողբալ, սգալ, հեծեծալ սեփական մեղքերի գիտակցումով։ Բայց դրան հասնելու համար նախ պետք է ճանաչել սեփական մեղքը, գիտակցել, մեր ո՞ր արարքն է Աստծուն հակառակ։ Սուրբ հայրերն այդ առումով վկայում են, թե մեղքի ճանաչողությունը ոչ միայն Սուրբ Գիրքը կարդալուց է և այլ ուղղափառ ծագման երկրորդականոն գրքեր կամ հայրերի խրատներ ընթերցելուց, այլև մեր ներքին ձայնը լսելուց։ Հաղթանակած Եկեղեցու վարդապետների վկայությամբ Սուրբ Հոգու շնորհիվ մեր մասնավոր մեղքերը զանազանում ենք խղճի մտոք։ Եվ քանի որ խիղճը Աստծո ձայնն է մեզանում, Նրա քաղցր հուշումն օգնում է հասկանալ, թե ե՞րբ շարժվեցինք Աստծո կամքին հակառակ։ Մեղքի գիտակցությունը պետք է լինի առողջ և մաքուր խղճի առկայությամբ։ Այդ դեպքում ի՞նչ ասել է մաքուր խղճմտանք։ Պարզվում է, որ խիղճը նույնպես կարող է մաքուր չլինել մեր իսկ վարքի պատճառով, կամ լռել իսպառ և կամ էլ սաստիկ ապաշխարության մղել՝ չարի դրդմամբ։ Առաջին դեպքում մարդը համառորեն անտեսում է իր մեղքերը և չի մտահոգվում դրանց համար, իսկ երկրորդ դեպքում սաստիկ ցավ է ապրում ավելի փոքր մեղքերի համար, անտեսում մահաբերները կամ երկուսի համար էլ հույժ հեկեկում է և սգում, սակայն ոչ այն պատճառով, որ Տերն է տրտմել դրանից, այլ որ իր հոգին դժոխք չնետվի, խուսափի հավիտենական պատժից։      

 

Իհարկե, Տերն Ինքը, երբ աշխարհի վրա էր, փաստում էր, թե ով Իրեն չհավատա, չսգա իր մեղքերի համար և չապաշխարի, չի մտնի Երկնքի արքայություն, այլ պարտական կլինի գեհենի կրակներին։ Ցույց էր տալիս արքայության երջանկությունը և դժոխքի տառապանքը, սակայն հորդորում էր՝ ասելով. «Ես եմ ճշմարտությունը և կյանքը ... » (Հովհաննես 14.1-31)։

 

Ուստի երանելի է այն լուռ կամ արցունքով և աղոթքով ուղեկցվող հեծեծանքը, որ ոչ թե կատարվում է մարդկանց առաջ պատվազրկության ամոթից կամ դժոխքից խուսափելու, այլ Տիրոջ հետ չլինելու, Նրան տրտմացնելու պատճառով։ Երանի այն հոգուն, որ իր մեղքերի մեղմ գիտակցությամբ սիրտը կարթնացնի։ Այնժամ Սուրբ Հոգին կիջնի, կմաքրի զղջացող սրտի պատերը, կհաստատի Քրիստոսի գահն այնտեղ և այսպիսի սրտից է, որ կքամվեն ճշմարիտ ապաշխարության ջերմ ու կենարար արցունքներ... Նրանք անգին մարգարիտի նման թանձրանալով՝ ոռոգում են մեր հոգու անդաստանը, որ ցամաքի մեղքը և ծլարձակի աստվածպաշտությունը և աճի եղբայրասիրությունը, վերանա հպարտությունը և ծաղկի խոնարհությունը...

 

Պատմվում է, թե մի քրիստոնյա հաճախակի աղոթում էր և կամեցավ իմանալ իր աղոթքների թիվը։ Այդ նպատակով սկսեց ամեն աղոթքի դիմաց մեկական ընկույզ դնել կողովում։ Կարճ ժամանակից տասներկու կողով ընկույզ հավաքեց և մինչ ուրախանում էր դրանց քանակով, Տիրոջ հրեշտակը երազում ասաց. «Կոտրիր դրանք»։  Առավոտյան մարդը կոտրեց ընկույզները, որոնք բոլորն էլ փուչ դուրս եկան։ Հրեշտակը դարձյալ այցելեց նրան երազում և ասաց. «Աղոթքներդ էլ նմանապես դատարկ էին»։                           

 

Ուրեմն, տա՛ Աստված, որ զերծ մնանք Աստծո առաջ արված որևէ բարի բան համրելուց, որ դատարկաձեռն չդառնանք: Ամեն բան սրտանց անենք, ոչ թե ի ցույց մարդկանց և, մանավանդ, ի ցույց Աստծո...Արարչի շնորհած իմաստնությամբ զերծ մնանք անհասկանալի, չարաշունչ մղումներից, քանի որ բարի նպատակներով է ծածկված դժոխքի ճանապարհը, և մեր զղջացող հոգու արյան հեղմամբ նորոգենք երկինք տանող կամուրջը։       

 

 

Պատրաստեց՝ Նաիրա ՊԵՊԱՆՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2022-02-08
×