«…Քանի որ Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ Իր հետքերով գնաք…»:
Ա Պետրոս Բ 21
Յուրաքանչյուր ոք այս կյանքում Խաչի իր ճանապարհն ունի անցնելու և յուրաքանչյուր ոք այս կյանքի ընթացքում ոտք է դնում իր Գեթսեմանին, բարձրանում իր Գողգոթան: Փրկագործության այդ ուղին մեզ համար հարթեց Ինքը՝ Տերը՝ Երկնքից երկիր խոնարհվելով: Նա Իր Խաչելությամբ և հրաշափառ Հարությամբ մարդկային ազգին ազատագրեց մեղքի ու մահվան կապանքներից` մարդկության առջև վերստին բացելով Երկնքի արքայության ճանապարհը:
Աստվածորդին, լինելով անմեղ ու անարատ, հանուն մեղավոր մարդկության փրկության խոնարհաբար կրեց Իր խաչը և Իր Սուրբ Արյան հեղմամբ «ներեց մեզ մեր բոլոր հանցանքները և ոչնչացրեց հրամաններով հաստատված այն պարտամուրհակը, որ մեր դեմ էր, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին» (Կողոսացիներ Բ 14):
Ինչպես նախապես մարգարեացել էր Եսային՝ «Նա խոցվեց մեր մեղքերի համար և… Նրա՛ վերքերով մենք բժշկվեցինք» (Եսայի ԾԳ 5): Իր փրկչական առաքելությամբ Քրիստոս պատգամեց մեզ, որ «Եթե մեկը կամենում է հետևել Ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա Իմ հետևից» (Մատթեոս ԺԶ 24), բայց և զգուշացրեց. «Նեղ է դուռը, և փշոտ` ճանապարհը» (հմմտ. Մատթեոս Է 13-14), որ դեպի Կյանք է տանում:
«Սէրդ սիրով խոնարհեցար ի փրկութիւն…» (Ն. Շնորհալի):
Ոչ ոք Աստծուն չստիպեց մարդանալ, և ոչ ոք ի զորու չէ Աստծուն երկնքից երկիր իջեցնել, եթե ոչ սերը, «քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր Միածին Որդուն տվեց, որպեսզի, ով Նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհաննես Գ 16): Սերն էր, որ խոնարհեցրեց Նրան աստվածային Իր բարձունքից, և հանուն այդ սիրո էր, որ Քրիստոս խաչի անարգ մահը հանձն առավ ու Իր Հարությամբ կենդանացրեց մեղքով խաչվածներիս՝ նոր պատվիրան տալով մեզ. «Սիրե՛ք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք» (Հովհաննես ԺԳ 34):
Իր Խաչի ողջ ճանապարհին, Գեթսեմանիից մինչև գերեզմանի այրը, Քրիստոս աստվածային Իր սիրով էր, որ հնազանդեցրեց մարդկային ամեն մի մեղք՝ Ինքն իսկ օրինակ ու ճանապարհ դառնալով մեզ համար. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձանով» (Հովհաննես ԺԴ 6):
Չմոռանանք, որ «Սերը խաչ է» (Գարեգին Ա), և միայն Քրիստոսի սիրո հետքերով քայլելով է, որ կկարողանանք, ինչպես Քրիստոս Գեթսեմանիում, խոնարհաբար հնազանդեցնել մեր կամքը Աստծո կամքին («Բայց ոչ՝ ինչպես Ես եմ կամենում, այլ՝ ինչպես Դու» (Մատթեոս ԻԶ 39), բարձրանալ մեր մեղքերի Գողգոթան, և, «մասնակից լինելով Նրա չարչարանքներին ու կերպարանակից՝ մահվանը» (հմմտ. Փիլիպ. Գ 10)՝ խաչվել Քրիստոսի հետ՝ Նրա հետ էլ Հարություն առնելու համար:
Պատրաստեց՝ Աննա ՀՈՎՍԵՓՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ