«Սերը համբերող է, քաղցր է, սերը չի նախանձում, սերը չի գոռոզանում, չի հպարտանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, չի գրգռվում, չար բան չի մտածում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության համար, ամեն բան կրում է, ամեն բանի հավատում է, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է» (Կորնթացիս 13.4-8): Աստվածաշնչում այսպես է նկարագրվում Սերը: Եվ այս նկարագրության յուրաքանչյուր բառը հնարավոր է գտնել մայրական սիրո մեջ:
Ամեն բանի սկիզբն Արարիչն է, ու ամեն ինչ սկսվեց արարչությամբ: Իսկ կնոջ միջոցով Աստված փոխանցեց արարման շնորհը, որը սկիզբ է տալիս նոր կյանքի։ Այժմ հոգեպես կապված լինելով մանկանը՝ մայրը միակն է, ով պատրաստ է յուրաքանչյուր իրավիճակում պաշտպանել և հոգ տանել իր երեխայի համար: Հենց այս զգացումն ու կապվածությունն է, որ կոչվում է մայրական բնազդ: Մայրական բնազդը, ի դեպ, հատուկ չէ միայն մարդկանց: Դրանով օժտված են նաև կենդանիները: Ուստի Աստված մեզ ստեղծել է այնպիսին, որ մշտապես հոգ տանենք մեզնից թույլի, փոքրի, մեր զավակի մասին՝ շատ հաճախ անգամ մոռանալով ինքներս մեզ: Եվ հավանաբար զավակի ծնունդով է, որ կինը մոտենում է աստվածային սիրով սիրելուն: Մայրական սերը չի ճանաչում սահմաններ: Զավակի ծնունդով՝ մայրն ընդմիշտ դադարում է երեխա լինելուց, նրան, սիրո հետ մեկտեղ, նաև պատում է զոհողության զգացումը: Մայրը զոհում է իր առողջությունը, կյանքից ահռելի ժամանակ է հատկացնում զավակներին մեծացնելու գործին, անում է ամենը՝ նրանց պաշտպանելու համար:
Մայրական սերը չի ակնկալում փոխադարձ լինել: Մայրը, գրկելով նորածին զավակին, չի մտածում, թե արդյոք նա սիրում է իրեն, թե ոչ: Նա ինքն է սիրում, հոգ տանում զավակի մասին՝ չակնկալելով ոչինչ դրա դիմաց: Մեր մայրերը մեզ սիրում են այնպիսի սիրով,ինչպես Աստված է պատգամում: Ուստի գնահատենք նրանց, սիրենք և աղոթենք նրանց համար:
Մոր աղոթքը
Հայր Աստված, Արարիչ ամենայնի, ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր, պարգևեցիր երեխաներ: Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք Քո երեխաներն են, որովհետև Դու տվեցիր նրանց կյանք, կենդանացրեցիր Քո անմահ հոգով և վերածնեցիր Քո սիրով՝ Սուրբ Ավազանիդ մկրտությամբ: Ինձ օգնիր, որ լինեմ արթնամիտ և երեխաներիս դաստիարակության գործում երբևէ չձանձրանամ: Աղերսում եմ Քեզ. պահիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Մի զրկիր նրանց հանապազորյա հացից, այլ պարգևիր նրանց ամեն անհրաժեշտն իր ժամանակին, և ինչ էլ որ պարգևես, թող հավիտենական կյանքի համար գործածեն: Եվ եթե մեղանչեն Քո առաջ, քանի որ մարդ են՝ մեղանչական բնույթով՝ ողորմած եղիր նրանց հանդեպ: Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները: Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում: Թող Քո հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժբախտությունից և չար ճանապարհից: Բարերար Աստված, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարանն իմ ծերության: Քո ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել Քո առաջ, անարժան համարձակությամբ ասելու. «Ահա ես և իմ երեխաները, որոնց Դու տվեցիր ինձ»: Եվ նրանց հետ միասնաբար փառավորենք անճառելի բարությունդ, հավերժական սերդ և Սուրբ անունդ. հավիտյանս հավիտենից: Ամեն: