Գիտես մեր խնդրածից և իմացածից առավել

Գիտես մեր խնդրածից և իմացածից առավել

Ինչի՞ համար են մեր աղոթքները։  Ժամագրքի աղոթքներից մեկում ասվում է. «Գիտես զպետս մեր և զկարիս առաւել, քան զոր խնդրեմք և իմանամք»: Այսինքն` Աստված մեր պետքերն ու կարիքները մեր խնդրածից և իմացածից ավելի գիտի: Սակայն, այդուամենայնիվ, մենք աղոթում ենք, քանի որ փորձում ենք մեր գործողություններով, աղոթքներով կարևորել մեր խնդրածը մեզ համար նույնպես։

 

 

Ինչպիսի՞ն է մարդ իր աղոթքներում։ Աղոթքի մեջ արտահայտված է մարդու՝ քրիստոնյայի արժեհամակարգը։ Մարդ աղոթում է նրա համար, ինչի կարիքն ամենաշատն ունի՝ առողջության, խաղաղության, հանգստության, սիրո, նյութական միջոցների։ Նա այնպիսին է, ինչպիսին իրականում կա՝ հոգին բաց Աստծո առաջ, իր առաքինություններով և նաև ողջ սխալականությամբ։ Իսկ Աստված, իր հերթին, մեզ երբեք չի ասի, թե սխալ է մեր խնդրանքը։ Նա տալով մեզ աղոթքի հնարավորությունը՝ գիտի նաև, որ միշտ չէ, որ ճիշտ և արդարացված խնդրանքներ կունենանք։

 

 

Ուստի՝ ինչո՞ւ ենք աղոթում, խնդրում Աստծուց որևէ բան, եթե սխալական ենք։
Աղոթում ենք, որպեսզի հաստատենք Աստծո հետ կապը, պահպանենք այն, քանի որ աղոթքի մեջ կարևորը ոչ թե մեր խնդրածն է, այլ հենց ինքը՝ Աստված, ով մեր միտքն ու սիրտը մաքրում է ամեն տեսակ արատներից։ Կարևորը՝ Աստծո հետ կապը լինի անկեղծ ու հարատև։ Այդ կապի մեջ մեր խնդրանքներից առավել կարևորվում են Աստծո հետ մեր կենդանի հարաբերությունները:

 

 

Անշուշտ, մեր աղոթքներում միշտ չէ, որ խնդրում ենք որևէ բան, միշտ չէ, որ ցանկանում ենք որևէ բան ստանալ Աստծուց՝ նրա հետ զրուցելով։ Երբեմն մեր աղոթքները շնորհակալական և գոհաբանական են, քանի որ Աստծուն, այո՛, չպետք է հիշել միայն մեր նեղ օրերին, երբ փրկությունը նյութական աշխարհից չենք կարողանում ստանալ և ապավինում ենք միայն նրա զորությանը։

Ուստի հաճախ աղոթենք, որպեսզի շարունակ պահենք Աստծո հետ կապը, կրենք նրա լույսը մեր մեջ, որպեսզի զորանանք նրանով և գործենք բարին։

 

 

Գոհաբանական աղոթք

Գոհանում եմ քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, և օրհնում ու փառավորում եմ Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին: Այժմ խնդրում եմ, որ Քո ամենազոր Աջով ու Քո սուրբ Խաչով կնքես ծառայիդ բնակարանը, ելքն ու մուտքը, որ ննջենք ապահով ու աներկյուղ, խաղաղությամբ. ամեն:

  • 2022-02-08
×