Մեր շուրջը կատարվող իրադարձությունները հաճախ առիթ են տալիս մտածելու Աստծո պատժի մասին։ Եվ հարց է առաջանում՝ Աստված պատժո՞ւմ է մեզ մեր արարքների համար, և դա կարելի է պատի՞ժ, թե՞ խրատ համարել։
Ինչպես գիտենք, Աստված Սեր է, ուստի ինչպե՞ս կարող է Սերը պատժել։
Աստված մեզ հորդորում է վեր կանգնել նյութական արժեքներից, դառնալ դեպի աստվածայինը, վեհը, հավատալ և ճանաչել Տիրոջը։ Այդ նյութականը, սակայն, էական նշանակություն ունի միայն մարդ արարածի համար, ուստի, երբ նյութականից մարդ զրկվում է, այն ընկալում է որպես պատիժ։
Մեզ բաժին հասած փորձությունների մասին մտածելիս՝ պիտի իմանանք, որ առանց Աստծո թույլատու կամքի մեզ հետ ոչինչ չի կարող պատահել: Ուստի և նրա թույլատու կամքի արտահայտումն է նաև չարի գոյությունը, որպեսզի գնահատենք մեզ շրջապատող բարին։ Այո՛, Աստված միայն բարին է կամենում, սակայն մարդ արժևորում է Աստծո կամքն ու սերը, երբ այն դիտում է չարի հետ համեմատության մեջ։
«Աստված փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալիս» (տե՛ս Ա Կորնթ. 10։13),- ասում է Պողոս առաքյալը, իսկ մարդու ապաշխարությունը և քրիստոնեական կենսաձևը երևում է այդ փորձությունը անտրտունջ տանելու մեջ։ Ո՞վ այնքան ուժ կունենա՝ ասելու, որ դա էլ իրեն բաժին հասած խաչն է, և եթե անգամ ինքն արդար է, կտանի այն առանց տրտնջալու։
Իսկ արդարներ կա՞ն, և ինչո՞ւ Աստված արդարների կյանքն անփորձանք չի դարձնում, որպեսզի բոլորը փորձեն լինել այդպիսին։
Խորհենք այն հարցի շուրջ, թե մարդկանցից ով է արդարը։ Արդյո՞ք արդարը միայն տեր Աստված չէ։ Աստված ոչ մեկի չի խոստացել անփորձանք կյանք: Նա մեզ չի շահագրգռում, պարգևներ չի խոստանում լավը լինելու համար, քանի որ դա այն է, ինչին պետք է ձգտի յուրաքանչյուրը։Ուստի՝ բոլորս էլ մեղավոր ենք և յուրաքանչյուրս ունենք փորձության մեր բաժինը, որ, անշուշտ, տրված է մեզ՝ միայն հաղթահարելու և առաջ շարժվելու համար։
Իսկ արդարության մասին խոսելիս՝ նայենք մեր ներսը՝ մեր ներքին արդարությանը։ Չէ՞ որ այն պայմանավորված է Աստծո հետ մեր փոխհարաբերությամբ. ինչպե՞ս ենք մենք սահմանում քրիստոնեական կենսակերպը, ինչպե՞ս ենք փորձում ավելի մոտ լինել Տիրոջը։
Այս ամենը իմանալով և Նրան մոտ լինելու ձգտմամբ՝ այլևս մեզ տրված փորձություններն այդքան ահռելի և անլուծելի չեն թվա, այլ կլինեն մասը այն լուսավոր ճանապարհի, որ մեզ տանում է դեպի Աստված։