«Պատրաստ եղեք, որովհետև այն ժամին, երբ չեք սպասի, կգա Մարդու Որդին» (Ղուկաս 12:40)
Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան։ Այս կիրակիի ընթացքում նախ հիշում ենք Քրիստոսի առաջին գալուստը, ապա և երկրորդ գալստյան մասին խորհում։
Ինքը՝ Քրիստոս Իր երկրորդ գալուստը անվանել է «վերջին օրը» (Հովհաննես 6:39), «դատաստանի օր» (Մատթեոս 11:22-24), «Իր գալստյան օրը» (Ղուկաս 17:24), իսկ Պողոս առաքյալը անվանել է «Աստծո բարկության օր» (Հռոմեացիներ 2:5):
Տիրոջ առաջին գալուստը եղավ մեղմ, սակայն արդյո՞ք նույնպիսին կլինի երկրորդ գալուստը նույնպես։ Առաջին գալստյան ժամանակը հայտնի էր Սուրբ Գրքից՝ ըստ այս խոսքի. «Երուսաղեմի շինվելուց մինչև առաջին օծումը կա յոթ յոթնյակ և վաթսուներկու յոթնյակ, որպեսզի վերաշինվեն հրապարակներն ու պարիսպները և նորոգվեն ժամանակները: Վաթսուներկու յոթնյակից հետո կվերանա օծումը, արդարություն չի լինի նրա մեջ» (Դան. 9:25-26): Իսկ երկրորդ գալստյան մասին հայտնի չէ մարդկությանը․ «Այն օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտի. ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ միայն Հայրը» (Մատթ. 24:36)։
Քրիստոս զգուշացրել և խոսել է իր երկրորդ գալստյան մասին՝ ասելով․ «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր… Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը՝ թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց … Եվ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24:4-13):
Եվ ինչպես «Հավատո հանգանակ»-ում է ասվում. «գալու է նույն մարմնով ու Հոր փառքով՝ դատելու ողջերին ու մեռածներին»:
Ավետարանում նկարագրվում է նաև Քրիստոսի երկրորդ գալուստը․ «Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, և լուսինն այլևս չի փայլի. աստղերը կընկնեն երկնքից, և երկնային մարմինները կսասանվեն: Ապա Մարդու Որդու նշանը կերևա երկնքում, և աշխարհի բոլոր ժողովուրդները կողբան, երբ տեսնեն Մարդու Որդուն, որ գալիս է ամպերի վրա բազմած՝ զորությամբ և մեծ փառքով: Եվ երբ մեծաձայն փողը հնչի, նա իր հրեշտակներին կուղարկի, որպեսզի հավաքեն իր ընտրյալներին աշխարհի չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուսը» (Մատթեոս 24:29-31)
Գալստյան կիրակիի խորհուրդը այդ անհայտ, և միաժամանակ հայտնի գալուստին պատրաստվելն է՝ հոգու նախապատրաստումը, արթնությունը՝ ամեն ժամ։ Հրաշափառ Գալուստին սպասումը պետք է անցնի քրիստոնյային վայել կենսակերպ վարելով, աղոթքով, համբերությամբ և առաքինությամբ։
Եվս մեկ անգամ խորհենք՝ ինչպիսի՞ն կգտնի Տերը մեզ, երբ գա։