«Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա» (Ա Կորնթ. 13:3)
Այս օրերին, երբ խոսում կամ խորհում ենք համաճարակի մասին, հաճախ ենք հանգում այն մտքին, որ ամենը տեղի է ունենում սիրո պակասից, Աստծո հանդեպ մեր վերաբերմունքի փոփոխությունից, կարևոր հարցերի վրա չկենտրոնանալուց և միայն նյութականին կարևորություն տալուց:
Ինչպե՞ս անել, ուրեմն, որ ավելի մոտենանք, ճանաչենք Աստծուն և գնահատենք իրականում կարևորություն ունեցող երևույթները՝ չընկնելով ոչ էական մանրուքների ետևից։
Յուրաքանչյուրի համար այս հարցը կարող է ունենալ իր՝ անհատական պատասխանը, սակայն մի բան կա, որ անպայմանորեն, թեկուզ մասամբ, ներառված է լինելու յուրաքանչյուրի պատասխանում։ Այդ երևույթի անունը Սեր է։
Աստվածաշնչում ասված է․ «Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուս իր կյա՛նքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը: Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ» (Ա Հովհ. 3:16-17): Մարդիկ հաճախ են ագահորեն և եսասիրաբար մտածում միայն իրենց և իրենց մի քանի մերձավորի մասին՝ կարծելով, թե դա հեռու չէ Աստծու պատգամներից։ Եվ ոմանք էլ, վերջիններիս հակառակ, կարծում են, թե բարեգործություն են անում՝ մինչդեռ այդ անում են այլ զգացմունքներից, ոչ թե մերձավորի հանդեպ սիրուց դրդված։ Պարզապես պետք է մի պահ մտածել՝ արդյո՞ք իմ գործած բարիքը չի դառնում չարիք, երբ անում եմ այն՝ առանց սիրո։
Այսպիսով՝ ինչպե՞ս հաղթել այս համաճարակին, ինչպե՞ս գնահատել իսկապես կարևորը, ինչպե՞ս Աստծուն մոտ լինել, եթե մեր սրտերում պակասել է աստվածային սերը։
Ինչպես հայտնի է՝ «սրի դեմ՝ սրով», այնպես էլ դուրս գանք «համաճարակի դեմ՝ համաճարակով», որ արդեն ոչ թե կտարածի մահվան հարուցիչներ, այլ սիրո։ Կարևորություն տանք ոչ նյութական արժեքներին՝ նյութականների փոխարեն, հաճախ աղոթենք, լինենք շնորհակալ մեր ունեցածի և չունեցածի համար, հոգ տանենք այլոց նկատմամբ։ Կրե՛նք աստվածային սիրո լույսը և դառնա՛նք այդ լույսի տարածողները՝ սկսելով սիրո համաճարակ՝ պայքարելով բացասականի, խավարի դեմ։ Քանի որ, ինպես հայտնի է, Սերը հաղթել և հաղթելու է յուրաքանչյուր այլ համաճարակի։