Դեպի հաղթանակ՝ զինված հավատով

Դեպի հաղթանակ՝ զինված հավատով

Ապրիլ ամսվա առաջին օրերին չորս տարի է՝ հայ ժողովուրդը հիշում է իր քաջարի մարտիկներին, ովքեր կռվեցին հանուն հայրենիքի։ Նրանցից ոմանք ընկան հերոսաբար, ոմանք ապրեցին՝ անձնուրաց պայքար մղելով թշնամու դեմ։

 

Ինչո՞ւ են ստեղծվել պատերազմները։ Աստված ստեղծեց տիեզերքը, մեր աշխարհն ու մարդուն  «...և տեսավ, որ բարի է» (Ծննդ. 1.31)։ Սակայն չարը եկավ աշխարհ, և գայթակղելով մարդուն՝ մղեց նրան այնպիսի արարքների, որոնք չարիք են ողջ մարդկությանն համար։ Հասարակ ստից մինչև համաշխարհային պատերազմները, գայթակղություններից մինչև սպանությունները, ամենը չարից է և ամենի հետևանքն էլ չար է։

 

Աստվածաշնչյան պատվիրանը՝ «մի՛ սպանիր» (Ելք 20.13), մարդուն արգելում է խլել այն կյանքը, որ տրված է Աստծուց։ Այս պատվիրանը, սակայն, խախտվում է պատերազմներում։ Ինչո՞ւ է, ուրեմն, մարդ նժարին դնում իր կյանքը, խլում այլոց կյանքերը, ընկնում պատերազմում։ Քանի որ կա կյանքից առավել կարևոր արժեք, և դա կյանքն է հայրենակիցների, ազգի ու հայրենիքի։ Քրիստոնյան չի կարող թույլ լինել ու անպաշտպան։ Զինված պատերազմում ամենակարևոր զենքով՝ հավատով, նա միշտ էլ հաղթանակած է վերադարձել պատերազմից։

 

Հայ ժողովուրդն էլ մշտապես ստիպված է եղել ոչ թե հարձակվել՝ ագահությամբ խլելու այլոց հողը, այլ պաշտպանել սեփական հայրենիքը՝ իր որդիների կյանքի գնով։
Պատմությունն է վկայում՝ հայորդիները կռվի գնալիս մշտապես ապավինում էին Աստծուն, աղոթում, հայցում նրանից աջակցություն։Կռվից վերադարձածներն այսօր էլ ասում են, որ կռվի դաշտում չկան անհավատներ։ Ովքեր այնտեղ են՝ զենքը ձեռքին, նրանք նաև լուռ աղոթում են իրենց, հայրենիքի փրկության համար։

 

Պատերազմը միայն կռվի դաշտում չէ, այն մեր ամենօրյա պայքարն է արտաքին թշնամիների դեմ՝ ինքնության, ազգի, հայրենիքի, արժեքների պահպանության համար։ Եվ այդ տեսակետից հերոսներ են բոլոր նրանք, ովքեր պահպանում են այդ արժեքները՝ խոնարհաբար ու լուռ։

 

Պատերազմը մշտապես խլում է կյանքեր, սակայն այն տալիս է նաև խաղաղություն սերունդներին, ովքեր պետք է ծնվեն արյան գնով պաշտպանած հողում։ Այսօր հայ ժողովուրդը շնորհակալ է իր որդիներին, ովքեր, իրենց կյանքը նժարին դնելով, պահպանեցին հայրենիքի սահմանները։

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՂՈԹՔ

«Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»:


Սաղմոս ԽԱ 17


Գոհությո՛ւն Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ շնորհարեցիր մեզ՝ գտնվելու սրբություն ճառագող Քո Տաճարում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը: Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ եղար ոգեշնչողը, մարտակիցն ու առաջնորդողը հայոց պատերազմի: Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և արիասիրտ ազգի զավակներ ենք, Օրհնությա՛մբդ հաղթանակած ազգի զավակներ: Մենք խոնարհվում ենք մեր սուրբ նահատակների առաջ: Նրանք գերեզմանված չեն, մեր սրտերում են, հոգիների ու հիշողության մեջ: Խունկ և աղոթք քաջորդաց հիշատակին: «Խաղաղություն զիմ տամ ձեզ…» (Հովհաննես ԺԴ 27):


«Տէր Աստուած մեր, տու՛ր զՔո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի… Նշանաւ սուրբ եւ պատուական խաչի քո՝ հալածեա՛ սահմանաց մերոց եւ ի բարկութենէ մերմէ» (Ժամագիրք):
Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց Երկրի բոլոր սահմանները: Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից:


Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում: Եվ օրհնությամբ թող լցվեն Հայաստան ու Արցախ աշխարհը:

 

Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ լինեն մեր կյանքում: Լինենք միակամ ու միաբան: Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի: Եվ թող Ամենազոր Աջը Քո հովանի լինի մեր ժողովրդին ի Մայր Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:

 

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

 

  • 2022-02-08
×