Տիեզերքում ամեն բան գտնվում է շարժման մեջ և ունի իր առանցքը: Երկնային մարմինները՝ աստղերը, մոլորակները, արբանյակները, ունեն իրենց շարժման մնայուն առանցքը և երբեք չեն շեղվում իրենց ուղեծրից: Մեր մոլորակի վրա եղող բուսական և կենդանական աշխարհը ևս ունի իր կյանքի յուրահատուկ շարժման բնական առանցքը: Տիեզերքի զարդ համարվող մարդը՝ որպես բանական էակ, բացառություն չէ այս առումով, և նա նույնպես ունի իր կյանքի առանցքը: Այլ կերպ ասած՝ կյանքը շարժվում է որոշակի առանցքի շուրջ:
Եթե տիեզերքում և երկրագնդի վրա գոյություն ունեցող նյութական և անբան էակների շարժման առանցքը անփոփոխ է և տեղի է ունենում բնականորեն կամ բնազդորեն, ապա մարդ արարածի կյանքի շարժման առանցքը փոփոխական է, ինչը պայմանավորված է նրա ազատ կամքով ստեղծված կամ ինքնիշխան լինելու հանգամանքով, որով վերջինս առանձնանում է մնացած արարածներից, քանի որ իր մեջ է կրում Աստծո պատկերն ու նմանությունը:
Եթե բնական շարժումների առանցքի փոխոխությունը կարող է հանգեցնել կործանարար հետևանքների, ապա մարդկային կյանքում նույնպես սկզբնական շարժման առանցքից շեղումը կհանգեցնի վերջինիս կործանմանը:
Իսկ ո՞րն է մարդու կյանքի սկզբնական ճշմարիտ առանցքը, որից նա հաճախակի շեղվում է: Քրիստոնեական բարոյագիտությունը մեզ սովորեցնում է, որ մարդ իր կյանքի առանցք պետք է համարի իր Արարիչ Աստծուն, Ում կենարար զորության շնորհիվ նա զերծ է մնում սխալ ճանապարհներից, վտանգավոր, մոլորեցնող ուղղություններից՝ հասնելով հոգու փրկության: Ըստ Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ մարդկային կյանքը մի ընթացք է, որ սկսում է մի կետից և հանգում միևնույն կետին՝ մի տեսակ շրջան կազմելով. մարդ արարածը իր սկիզբն է առնում Աստծուց և իր վախճանն է գտնում Աստծո մեջ:
Քրիստոնյայի կյանքի առանցքը Քրիստոս է՝ Նրա կենարար վարդապետությունը, որի իրագործմամբ քրիստոնյայի կյանքում հաստատվում է Աստծո թագավորությունը՝ համաձայն Տիրոջ այն խոսքի, թէ Աստծո թագավորությունը ձեր ներսում է: Այսպիսի կյանքը քրիստոսակենտրոն է, քանի որ մարդու մտածողությունը, չափանիշները, վարքագիծը, նախասիրությունները համաձայնեցվում են քրիստոնեական ուսմունքին: Հենց այս իմաստով է ասում Պողոս առաքյալը, թե նմանվեցե՛ք ինձ, ինչպես ես՝ Քրիստոսին: Սա է քրիստոնյայի կյանքում Աստծո օրհնությանն արժանանալու բանաձևը, սեփական աղոթքները Տիրոջ առջև լսելի դարձնելու բանալին: Չէ՞ որ հենց Ինքը՝ մեր Տերն է ասում՝ եթե մնաք Իմ պատվիրանների մեջ, ինչ էլ որ խնդրեք իմ Երկնավոր Հորից, Նա կտա ձեզ:
Անմեղության դրախտային վիճակը վերականգնվում է միայն ու միայն Աստծո Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Կենաց ծառի պտուղը Քրիստոս է, որի ճաշակմամբ մարդը ձեռք է բերում անմահություն: Միայն մկրտությամբ հոգեպես վերածնվելով և Աստծո զավակ դառնալով՝ քրիստոնյան երբեք չի կարող փրկության արժանանալ, եթե հավատի զորացում, ներքին վերափոխում տեղի չի ունեցել իր կյանքում: Իսկ այդ վերափոխումը ինքնիրեն, իներցիայի ընթացքով տեղի չի ունենում, այլ սեփական ներքին մղումով, ջանասիրությամբ, հոգեմտավոր գիտելիքներ ապահովելով, հոգևոր պայքարում բազում դժվարություններ ու խոչընդոտներ հաղթահարելով, իհարկե, Սուրբ Հոգու զորությամբ, Տիրոջ պես-պես շնորհներով և առաջնորդությամբ:
Պատրաստեց՝ Գայանե ԳԱԼՍՏՅԱՆԸ
Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ