Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28)

Հայրը մեծ է, քան ես (Հովհաննես ԺԴ 28)

Դարեր շարունակ մարդը փորձում է հասկանալ աստվածային խորհուրդը, Անսահմանը սահմանել մարդկային բառերով և ժամանակի մեջ ըմբռնել Հավիտենականը։ Այդ իսկ պատճառով Աստված հայտնվեց մարդկանց Սուրբ Գրքի միջոցով և ընկալման բանալիները տվեց իր հավատարիմ հետևորդներին, որպեսզի արարածները ճանաչեն իրենց Արարչին: Մյուս կողմից շատերը փորձեցին առանց աշակերտելու ուսուցիչներ դառնալ և չունենալով ընկալման բանալիներն՝ ընկան տարատեսակ մոլորությունների մեջ:

 

Սուրբգրային ամենավիճահարույց հարցերից մեկը՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Աստված լինելը, տարբեր ժամանակներում թյուրըմբռնման վտանգ է առաջացրել ինչպես ընթերցողների, այնպես էլ մեկնիչների համար։ Նմանատիպ արտահայտություն է, երբ Քրիստոս ասում է․ «Հայրը մեծ է, քան Եսե: Հետաքրքրականն այն է, որ 4 ավետարանիչներից միայն մեկը՝ Հովհաննեսն է իր շարադրանքի հենց սկզբից վկայում Քրիստոսի Աստված լինելու մասին։ Ավետարանի առաջին էջերից մենք տեսնում ենք, որ Քրիստոս Աստծո Խոսքն է և Աստված է (Ա 2), արարիչն է ամեն ինչի (Ա 4), մի Աստված  է Հոր հետ (Ժ 30),  Քրիստոսին տեսնելը նշանակում է Հայր Աստծուն տեսնել (ԺԴ 9): Եվ երբ Թովմասը բացականչում է «Տե՛ր իմ և Աստա՛ծ իմե, Քրիստոս չի առարկում՝ ընդունելով նրա խոստովանությունը՝ որպես ճշմարիտ վարդապետություն Իր աստվածության մասին: Կան այլ բացահայտ համարներ ևս, որոնցով Հովհաննես ավետարանիչը, ի տարբերություն մյուս երեք Ավետարանների հեղինակների, ջանում է ապացուցել իր սիրելի ուսուցչի ճշմարիտ Աստված լինելը: Եվ զարմանալին այն է,  որ այդ բոլոր փաստարկումների կողքին նա հիշատակում է Քրիստոսի այն խոսքը, որով Տերը՝ որպես ճշմարիտ և խոնարհ Որդի, նախապատվություն է տալիս Իր երկնավոր Հորը ասելով՝ «Հայրը մեծ է, քան եսե: Արդյոք այդ հատվածը հակասո՞ւմ է Ավետարանում ներկայացված Քրիստոսի կերպարին (եթե այդպես է, ապա ինչո՞ւ Հովհաննեսը որոշեց այդ հակասական խոսքը գրի առնել ապագա սերունդների համար), թե՞ այն իսկապես օգնում էը ըմբռնել մարմնացյալ Բանի խորհուրդը:

 

Նորկտակարանյան համատեքստում Աստծո մարդացման անըմբռնելի իրողությունը լավագույնս ներկայացնում է Պողոս առաքյալը փիլիպեցիներին ուղղված նամակում, որտեղ Քրիստոսի մասին ասում է․ «Ունայնացրեց իր անձը՝ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով և մարդու կերպարանքով խոնարհեցրեց Ինքն Իրենե (Փիլ. Բ 7): Պողոս առաքյալի վկայությամբ՝ Աստված Իր կամքով նվազեցրեց Իրեն, հանուն մարդկության փրկության՝ դարձավ մարդ, դեռ ավելին՝ ծառա, որպեսզի մարդուն Իր միջոցով դուրս հանի մեղքի ծառայությունից: Այլ կերպ ասած՝ Քրիստոս դարձավ ավելի նվազ, քան հենց Ինքն էր եղել մինչև Իր մարմնացումը, դարձավ այն, ինչ երբեք չէր եղել, ինչի պատճառով էլ Իրեն ստորադասեց Հորից:

 

Մյուս կողմից պետք է հիշենք, որ Քրիստոս ապրել և քարոզել է հրեական միջավայրում, որտեղ միաստվածության պաշտամունքը սրբազան օրենք էր յուրաքանչյուրի համար՝ ի հակադրություն հեթանոսական միջավայրում տիրող բազմաստվածության: Իսրայելի Աստված միակն էր, Որն ընտրեց Իսրայելը մարդկությանը փրկագործելու համար: Նման միջավայրում  աստվածային երեք անձերի՝ Հոր, Որդու և Սուրբ Հոգու ի հայտ գալը կարող էր իսկապես շփոթության առիթ հանդիսանալ: Խուսափելու համար նման թյուրընկալումից Տերը աստիճանաբար է գործում. նախ հիմնում է Իր Եկեղեցին, խոսքը աշխարհով մեկ տարածում առաքյալների միջոցով, ապա Սուրբ Հոգին արդեն կազմավորված Եկեղեցուն է հայտնում Սուրբ Երրորդության խորհուրդը՝ կատարյալ դարձնելով աստվածհայտնությունը: Իսկ բոլոր նրանք, ովքեր դուրս մնացին Եկեղեցուց և չընդունեցին Տիրոջ կենսանորոգ պատգամները, ի զորու չեղան հասկանալու աստվածային խորհուրդները և իրենց մտացածին աստվածընկալման հիման վրա կառուցեցին իրենց վարդապետությունները: Ահա թե ինչու շատերի համար  ցայսօր գայթակղության քար է Ավետարանում ներկայացված Քրիստոսի ինքնազոհ սիրո հայտնությունը՝ կամավոր ինքնախոնարհումը հանուն մեզ, որով Նա խոստովանում է, որ Աստված ավելի մեծ է, քան մարդկային մեղքերի բեռը իր ուսերին կրող աշխարհի խոնարհ և հեզ փրկիչը...

 

 

Պատրաստեց` Տաթևիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան
Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2022-02-08
×