«Ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ» (Ղուկաս 9:48)

«Ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծ» (Ղուկաս 9:48)

Մարդիկ, հաճախ խոսելով փոխհարաբերությունների մասին, նշում են, որ կցանկանային վերադառնալ մանկության տարիներ, լինել, ինչպես մանուկ: Եվ երբ հերթը հասնում է Աստծո հետ հարաբերություններին, մարդիկ կրկին ցանկանում են նրա հետ հաղորդակցվել երեխայի պես:


Մանուկ լինելը կապվում է մի  նոր սկզբի հետ: Այդպես Բեթղեհեմում ծնված Մանուկը դարձավ սկիզբը, ճանապարհը, ճշմարտությունը: Նա իր ծնունդով մարդկությանը բերեց նոր փուլ, աշխարհին լույս բերեց, ինքը դարձավ այդ լույսը: Եվ երբ մանուկ է ծնվում, յուրաքանչյուրն ունենում է նույն զգացումը, մտնում է իր կյանքում նոր՝ առավել լուսավոր փուլ: Տարբերությունը միայն այն է, որ Փրկչի ծնունդով նոր փուլ մտանք, Լույսին հաղորդակից եղանք յուրաքանչյուրս, իսկ ծնվող ամեն մանկան հետ վառվում է լույս՝ մեկ ընտանիքում:


Ամեն ինչ այս աշխարհում սկսվում է սկզբից` ծնունդից: Երբ մարդիկ ասում են «ամեն ինչ սկսել սկզբից», նկատի ունեն ամեն ինչ սկսել մաքուր, չապականված սկզբից՝ ծնունդից: 

 

«Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, երկնքի արքայություն չեք մտնի»,– պատգամում է մեր Տեր Քրիստոս: Սա նշանակում է, որ մարդ պետք է վերադառնա իր նախնական, անապական վիճակին, որ պետք է վերադառնա իր նախաստեղծ անմեղությանը, դառնա այնպիսին, ինչպիսին նրան ստեղծել է Աստված:

 

Մանուկներն, իսկապես, լավագույն օրինակ են մեզ համար ճշմարիտ քարիստոնյայի: Երեխան անվերապահորեն հավատում է իր ծնողին, ինչպես Աստծու ստեղծած մարդը պետք է անվերապահ հավատ ունենա առ Աստված:
Մանուկը խոնարհ է, պատրաստ սովորելու, անվերջ զարմանալու է ընդունակ, գնահատում է ծնողի յուրաքանչյուր քայլն, ու անգամ եթե սխալ է գործում և պատժվում է, հեշտ է նրա վերադարձը դեպի ճշմարիտը:

 

Մանուկների համար աղոթք

 

Տեր Աստված մեր, Սուրբ Հոգուդ սրբությամբ պահիր մեր երեխաներին, որպեսզի անարատ մնալով Քո կամքը կատարեն և անմեղությամբ հասնեն հավիտենական կյանքիդ:
Ուղղիր նրանց քայլերը, Քո լուսավոր պատվիրաններիդ մեջ պահելով նրանց, և իրենց ամբողջ կյանքի ընթացքում պահիր խաղաղ ու առանց մեղքի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով. Ամեն:

  • 2022-02-08
×