Խոնարհություն

Խոնարհություն

«Նա նայեց խոնարհների աղոթքներին և չարհամարհեց նրանց խնդրանքները»:

 

Սաղմոս ՃԱ 17

 

Ինչպես որ չկա ավելի մեծ չարիք, քան հպարտությունը, այդպես էլ չկա ավելի մեծ բարիք, քան խոնարհությունը: Որովհետև առաջինն Աստծո և մարդկանց առաջ ատելի է դարձնում, իսկ երկրորդը՝ սիրելի ու հաճելի: Առաջինը հանգիստ չտալով տառապեցնում է, երկրորդը՝ անվրդով խաղաղությամբ հանգստացնում: Ինչպես որ Նեղոս Սինայեցին է ասում. «Հանդարտ ծովը հաճելի տեսարան է, բայց ավելի հաճելի է հոգու անդորրը»: Իսկ ի՞նչ է խոնարհությունը:

 

Խոնարհություն է հնազանդ լինելը, երբ մարդն իրեն պահում է որպես ծառա և սպասավորում ընկերոջը, ինչպես առաքյալն է ասում. «Հնազանդվեցե՛ք միմյանց Քրիստոսի երկյուղով» (Եփեսացիներ Ե 21):

 

Խոնարհություն է, երբ կամենում ես բարի գործ կատարել, քեզ կարող չես համարում սկսելու և իրականացնելու, այլ Աստծուց ես խնդրում շնորհ և օգնություն, թե՝ «Օգնիր ինձ` տկարիս, որ կարողանամ Քեզ հաճո լինել»: Ինչպես և Տերն է ասում. «Ով բնակվում է իմ մեջ, և ես նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ անել չեք կարող» (Հովհաննես ԺԵ 5):

 

Խոնարհություն է, որ ոչ միայն սիրում ես նրանց, ովքեր փառավորված են մարդկանցից, այլև աղքատին ես խոնարհվում և պանդուխտին մխիթարում: Այսպես և Տերն էր վարվում: Պիղատոսը խոսեց, իսկ Նա պատասխան չտվեց, սակայն ավազակի հետ մեծ գթով խոսեց և պարգևներ տվեց, նույնպես և երբ կույրերն աղաղակում էին, Նա կանգնեց և մոտենալով՝ նրանց աչքերը բացեց:

 

Խոնարհությունը միայն բավական է, որպեսզի մարդը ձեռք բերի աստվածային շնորհը: Խոնարհն ունի բոլոր հոգևոր անուշահոտությունները՝ պարզությունը, հեզությունը, անսահման սերը, բարությունը, անհիշաչարությունը, զոհաբերությունը, հնազանդությունը և այլն: Քանի որ ունի հոգևոր աղքատությունը («Երանի հոգով աղքատներին» Մատթեոս Ե 3), ունի նաև ամբողջ հոգևոր հարստությունը: Նաև աստվածավախ է և սակավախոս, դրա համար բարեկամ է մեծաշնորհ Մարիամ Աստվածածնին, ով ուներ մեծ խոնարհություն: Սուրբ Աստվածածինն իր խոնարհության համար երկրորդ տեղն է զբաղեցնում Սուրբ Երրորդությունից հետո: «Ուրախացիր Աստծո հետ Սուրբ Տիրամայր, որ ունես երկրորդ տեղը՝ Սուրբ Երրորդությունից հետո»,- ասում է սուրբ Անդրեաս Կրետացին:

 

Աստված ցանկանում է, որ ունենանք մի քիչ խոնարհություն, որպեսզի բարեկամանանք Նրա հետ: Հետո մեկը մյուսի հետեվից գալիս են Նրա բոլոր առատ պարգևները, որովհետև Աստված խոնարհ մարդուն շատ շնորհ է տալիս որպես նվեր՝ առանց մարդուց որևէ բան խնդրելու:

 

Խոնարհ մարդը բոլոր ժամանակներում վնասներից ազատ է մնում, որովհետև ոչ ոքից չի խռովում, չի տրտմում, չի հուսահատվում, չի զայրանում, ոչ մեկի հետ չի թշնամանում, ուստիև ոչ ոք ջանք չի թափում նրան վնասելու, և այսպես խաղաղ ու երջանիկ կյանքով է կնքում իր օրերը: Հոգևոր առաջընթաց կա այնտեղ, ուր շատ խոնարհություն կա: Ովքեր գտել են խոնարհության ճանապարհը, հոգևոր կյանքի մեջ առաջ են գնում արագ, հաստատուն և առանց հոգնելու: Ամբողջ առաջընթացն այդտեղ է գտնվում: Ինչքան մարդը խոնարհվում է, այնքան Աստծուց շնորհ է ստանում և այնքան ավելի շատ է առաջ ընթանում: Ուստի «խոնարհվենք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին Նա մեզ բարձրացնի» (Ա Պետրոս Ե 6):

 

Պատրաստեց՝ Նարեկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2022-02-08
×