Մեկը՝ տասներկուսից. Պետրոս առաքյալ

Մեկը՝ տասներկուսից. Պետրոս առաքյալ

Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալների շարքում իր վառ անհատականությամբ առանձնանում է Հովնանի որդի Շմավոնը, որի անվան հունական ձևը Սիմոն է: Նրա ծննդավայրը Բեթսայիդա քաղաքն էր, որը գտնվում էր Տիբերական լճի ափին, ուստի այնտեղ հիմնական ապրուստի միջոցներից մեկը ձկնորսությունն էր: Պետրոսը ևս հմուտ ձկնորս էր: Ավետարաններում պահպանված տեղեկություններից ենթադրվում է, որ ամուսնությունից հետո նա տեղափոխվում է Կափառնայում, որտեղ շարունակում է զբաղվել իր արհեստով: Հենց Կափառնայումում էր, որ Հիսուս հյուրընկալության ժամանակ բուժեց «Հավատի Վեմի» զոքանչին (Մատթեոս Ը 14): Ծնված, ապրած ու դաստիարակված լինելով բավականին մեծաքանակ հեթանոսական բնակչություն ունեցող Գալիլիայում՝ նա մի օր իր եղբայր Անդրեասից լսեց Մեսիային գտնելու մասին լուրը (Հովհաննես Ա 41-42) և աճապարեց դեպի Տերն ու Ամենատեսի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ Նրանից «Կեփաս»՝ վեմ, ժայռ հորջորջվեց, որը Նոր Կտակարանում արտահայտված է «Պետրոս» անվանումով (Մատթեոս ԺԶ 17-18):

 

Նոր Ուխտի բազմաբազում հատվածներում աստիճանաբար բացահայտվում են առաքյալի էության երբեմն վախկոտ, երբեմն քաջարի ու խիզախ, բայց առավել կարևոր` անկեղծ, ջինջ ու անսահման նվիրվածության կողմերը: Այս անձնավորությունն էր, որ դեռևս հռչակ չունեցող Հիսուսին մեծ սիրով, որպես քարոզության բեմ, տրամադրեց իր նավակը, խոնարհությամբ ընդառաջելով՝ ուռկանները կրկին ծովը գցեց և, վերջապես, հրաշք որսը տեսնելով և իր դիմացինի մեծությունն ու սեփական սնանկությունն զգալով` ասաց. «Ինձնից հեռու գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ» (Ղուկաս Ե 8): Այսպիսի գիտակցությամբ նա իր քայլերն ուղղեց դեպի Արքայություն` շուտով աչքի ընկնելով Ավետարաններում հաճախ շեշտվող իր նվիրվածությամբ Հիսուսի նկատմամբ և առաքյալների առաջամարտիկը լինելով: Այս ճանապարհին նա արժանացավ Հայրոսի աղջկա հարության (Մարկոս Ե 35-42, Մատթեոս Թ 18-26, Ղուկաս Ը 40-56), Թաբոր լեռան վրա Հիսուսի պայծառակերպության (Մատթեոս ԺԷ 1-13, Մարկոս Թ 1-7, Ղուկաս Թ 28-36), և Գեթսեմանիի պարտեզում մահվանից առաջ Փրկչի կողմից Հորն ուղղված աղոթքի ականատեսը լինելուն (Մարկոս ԺԴ 32-42, Մատթեոս ԻԶ 36-46): Պետրոսի հոգևոր վերելքի գագաթնակետը, սակայն, նրա անկաշկանդ խոստովանությունն էր. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթեոս ԺԶ 15-17, Մարկոս Ը 27-29, Ղուկաս Թ 18-21), որի շնորհիվ էլ արժանացավ մարդկության պատմության մեջ մեծագույն՝ Քրիստոսի Եկեղեցու վեմ-հիմք լինելու պարգևին (հմմտ. Մատթեոս ԺԶ 18) ու ստացավ Երկնքի արքայության բանալիները (հմմտ. Մատթեոս ԺԶ 19):

 

Քրիստոնյա աշխարհում «վեմ» լինելու հանգամանքի շուրջ երկու տարբեր մոտեցումներ կան՝ կաթոլիկ և ուղղափառ: Առաջին կողմը մեկնում է, որ վեմը հենց Պետրոս առաքյալի անձն է, ուստի նա մեծ է մյուս առաքյալներից, որովհետև նրան տրվեց Երկնքի արքայության բանալիները: Եվ այս հանգամանքից բխեցվում է Պետրոսի Աթոռին նստող իրավահաջորդի՝ Հռոմի Պապի նախաթոռության գաղափարը: Երկրորդ մոտեցման կողմնակիցները մեկնում են, որ վեմը ոչ թե Պետրոս առաքյալի անձն է, այլ նրա հավատը,  որի հիմքի վրա էլ շեշտվում է բոլոր առաքյալների հավասարությունը:

 

Անչափ նվիրված ու սրտակից լինելով հանդերձ՝ Փրկչի կանխորոշման համաձայն Պետրոսը ձերբակալման գիշերը երիցս ուրանում է Նրան, սակայն Տիրոջ տանջալլուկ նայվածքից (հմմտ. Ղուկաս ԻԲ 61) խորապես ազդված՝ ամբողջ սրտով զղջում և դառնաղի լալով ու մաքրվելով՝ կրկին դառնում է դեպի Տերը: Հոգեգալստին զգեստավորվելով երկնային սպառազինությամբ՝ հենց նա է, որ ապշահար ներկաներին երկարաշունչ վկայություն է տալիս դարեր ի վեր ակնկալվող ժամանակների լրման ու Հիսուսի՝ Աստծու հարություն առած Օծյալը կամ Մեսիան  լինելու մասին: «Գործք առաքելոց» գրքի առաջին կեսի առանցքային ու գլխավոր գործչի` Պետրոսի անվան հետ է կապվում նաև հեթանոսների մեջ քրիստոնեական քարոզչության սկիզբը (հմմտ. Գործք առաքելոց Ժ 1-48): Հետևելով Կեփասի՝ Հոպպեում, Կեսարիայում և այլ վայրերում ծավալած քարոզչությանը՝ կարող ենք ասել, որ հիմնականում եղել է Պաղեստինի առաքյալը, սակայն Հերովդես թագավորի կողմից ձերբակալվելով ու հրաշքով բանտից ազատվելով (հմմտ. Գործք առաքելոց ԺԲ 1-19)՝ դուրս է գալիս Պաղեստինից և քարոզում տարբեր վայրերում՝ Անտիոքում, հնարավոր է նաև Կորնթոսում ու Փոքր Ասիայի հյուսիսում ձևավորվող քրիստոնեական համայնքներում: Պետրոսի քարոզչական գործունեության վերջին հանգրվանը Հռոմն էր: Չնայած որոշ հետազոտողների կողմից նրա՝ Հռոմ քաղաքում ծավալած գործունեությունը կասկածի տակ է դրվել, այնուամենայնիվ պետք է նշել, որ Նոր Կտակարանում նրա անունով պահպանված երկու թղթերից առաջինը գրվել է կայսրության մայրաքաղաքում (հմմտ. Ա Պետրոս 5.13): Թղթում ակնարկներ կան Ներոն կայսեր կողմից քրիստոնյաների հանդեպ իրականացված դաժան հալածանքների մասին, որոնց, ըստ Կղեմես Հռոմեացու (101 թվական), զոհ են գնացել Պետրոս և Պողոս առաքյալները: Եկեղեցու Սրբազան ավանդությունը ևս վկայում է նրա՝ Հռոմում նահատակված լինելու մասին (ենթադրաբար՝ 64 թվականին): Նույն ավանդության համաձայն՝ Հռոմում է նահատակվել նաև նրա կինը: «Գործք Պետրոսի» անվավեր գրվածքից տեղեկանում ենք, որ Սիմոնը իրեն արժանի չի համարել խաչվել Փրկչի նման, ուստի խնդրել է իրեն գլխիվայր խաչել: Նրա գերեզմանի վրա է կառուցվել Սուրբ Պետրոսի հոյակերտ տաճարը:

 

Պատրաստեց` Հրաչ ՍՈՒԼԹԱՆՅԱՆԸ

Աղբյուրը՝ Շողակն Արարատյան

Արարատյան Հայրապետական թեմի պաշտոնաթերթ

  • 2022-02-08
×