Սերը՝ ուժ

Սերը՝ ուժ

Մարդիկ հաճախ և հեշտությամբ են շարունակ խոսում սիրո մասին, փորձում են բացատրել, բառեր գտնել այդ երևույթը մեկնաբանելու համար: Մինչդեռ հեշտությամբ և աննպատակ կարող են նեղացնել և ցավ պատճառել սիրելիին: Ո՞րն է, ուրեմն, իրական սերը, ինչպե՞ս հասկանալ այն:

 

Անշուշտ, ինչպես էլ որ փորձենք բացատրել, ամբողջովին ըմբռնել կամ այլոց փոխանցել չենք կարող: Սակայն կարող ենք իմանալ և փորձել հետևել այն օրինակին, որը մեզ ցույց տվեց Աստված՝ բացատրելով սիրո նշանակությունը:

 

Աստված սիրեց մարդկանց և նրանց ուղարկեց իր Միածին Որդուն: Քրիստոս դարձավ ոչ թե Աստծո սիրո դրսևորումը, այլ ինքը՝ Սերը:

 

Սուրբ Գրքում Քրիստոսի մասին ասվում է. «Աշխարհի սկզբից մորթված Գառը»: Նա ինքը եղավ զոհ՝ գիտակցելով, որ ամենից անմեղը հենց ինքն է, ինքը կրեց պատիժը՝ բոլորի մեղքերի համար: Նա չակնկալեց փոխադարձ սեր, այլ անշահախնդրորեն տվեց ամենը, տանջանքների և խաչելության ենթարկվեց, սակայն չդադարեց սիրել, չմեղադրեց և ոչ ոքի:

 

Ուրեմն, կա՞ սիրո առավել լավ օրինակ, քան Աստծո Սերը՝ ամենքիս նկատմամբ: Արդյոք սիրո՞, թե՞ թուլության նշան է քրիստոնեության քարոզած հանդուրժողականությունը, արդյոք թուլությո՞ւն է ներելը մեր սիրելիներին, նրանց՝ մեր ունեցած լավագույնը նվիրաբերելը: Արդյո՞ք Քրիստոս թուլություն է ցուցաբերել՝ ներելով, բարիք գործելով:

 

Անշուշտ, ոչ: Նա հենց Սերն ինքն է, հենց Լույսն է, Ով, մտնելով յուրաքանչյուրիս կյանք, մղում է մեզ բարի գործերի: Սերը երբեք չի կարող լինել թուլություն, այն բարի ու առաքինի գործերի մղող ուժն է: Չար արարքներ կատարելիս մարդիկ տրվում են գայթակղությունների, մինչդեռ բարին կատարելիս նրանց մեծ ուժ է անհրաժեշտ բարի մնալու համար՝ չարից եկող փորձությունները հաղթահարելով: Սակայն դեպի բարին տանող փշոտ ճանապարհն էլ օրհնված է Տիրոջ կողմից: Ինչո՞ւ: Քանի որ սիրո մեջ ապրողներին և նրանց սերունդներին Տերն օրհնության է արժանացնում և հաջողությամբ պսակում նրանց կողմից ձեռնարկած սիրո քայլերը:


Քանի որ որտեղ սեր կա, այնտեղ Աստված կա, իսկ որտեղ Աստված է, այնտեղ կա ամեն տեսակ բարիք և օրհնություն: 

  • 2022-02-08
×