Հովհաննեսի Ա, Բ և Գ նամակները

Հովհաննեսի Ա, Բ և Գ նամակները

Հովհաննեսի Ա նամակը չունի նամակին բնորոշ հատուկ սկիզբ և վերջ: Այդ պատճառով էլ կարծվում է, որ այն նախապես գրվել է իբրև ճառ, որը հետագայում ստացել է նամակի ձև: Այս գրությամբ հեղինակը պայքարում է Աստծո Լոգոսի իրական մարմնացումը ուրացած հերետիկոսների դեմ:

 

Իրինեոսը վկայում է, որ Հովհաննեսի ժամանակ գործունեություն էր ծավալում նաև Կիրինթոս անունով մի հերետիկոս, որը ջանում էր ուսուցանել, որ Աստված չի մարմնացել, այլ միայն բնակվել է մարդ Հիսուսի մեջ մկրտությունից մինչև չարչարանքը, իսկ չարչարանքի ժամանակ հեռացել է և հեռվից դիտել ողբերգական եղելությունները:

 

Այսպիսով`այս ուսմունքի համաձայն Քրիստոս միայն երևութապես մարդ դարձավ և չարչարվեց (հենց այստեղից էլ Կիրինթոսի հետևորդները կոչվեցին երևութականներ): Եվ այս կեղծ հերետիկոսությունը Աստծո իրական մարմնացման մերժումով ուրանում էր մարմնից և հոգուց բաղկացած ամբողջական մարդու փրկության հնարավորությունը:

 

Հովհաննեսը «հակաքրիստոս» հերետիկոսների ուսմունքին հակադրում է Հիսուս Քրիստոսի մարմնացման և մահվան դեպքերի պատմականությունը: Դա այն եղելությունն է, որը բացահայտում է Աստծո սերը մարդկության նկատմամբ և այստեղ տրվում է այն չափանիշը, որով հերետիկոսը տարբերվում է հավատացյալից. «Ամեն մի հոգի, որ խոստովանում է Հիսուս Քրիստոսին մարմնով եկած, նա Աստծուց է: Եվ ամեն մի հոգի, որ չի խոստովանում Հիսուսին մարմնով եկած, նա Աստծուց չէ: Նրա հոգին սատանայինն է» (Դ 2-3):

 

Հովհաննեսի Ա նամակում խոսվում է հետևյալ թեմաներից՝ Աստծո հետ հաղորդակցություն, սատանա, Աստծո որդիները և սատանայի որդիները, սեր միմյանց նկատմամբ, ճշմարիտ և սուտ հոգիներ, սիրո մասին:

 

Հովհաննեսի Բ նամակը մի կարճ գրություն է՝ ուղղված «ընտրյալ տիկնոջը և նրա որդիներին», որով հեղինակը խոսում է սիրո անհրաժեշտության մասին՝ այն համարելով Աստծո պատվիրանների կատարումը, և ապա զգուշացնում իր ընթերցողներին, որպեսզի զգուշանան բազում մոլորեցնողներից, որոնք չէն խոստովանում Հիսուս Քրիստոսին «մարմնով եկած»:

 

Այս նամակում ամփոփված են Հովհաննեսի Ա նամակի երկու հիմնական թեմաները`սերը և երևութական ուսմունքի դատապարտումը: Հարկ է նաև նշել, որ ըստ ընդհանուր ընդունված տեսության նամակի, հասցեատերը`ընտրյալ տիկինը, ոչ թե անհատ է, այլ մի Եկեղեցի, իսկ նրա որդիները`Եկեղեցու անդամները:

 

Իսկ Հովհաննեսի Գ նամակը ուղղված է Գայոսին: Սակայն Նոր Կտակարանի մեջ կան երեք Գայոսներ, և դժվար է հստակ ճշտել, թե Հովհաննեսի Գ նամակի հասցեատերը այս երեքից որևէ մեկն է, կամ գուցե լիովին այլ անձնավորություն է: Այնուամենայնիվ յուրաքանչյուր դեպքում Հովհաննեսը նրան համարում է իր որդին: Հավանաբար նա Փոքր Ասիայի եկեղեցիներից մեկի առաջնորդն էր: Եվ այս փոքրիկ նամակով հեղինակը նախ գնահատում է Գայոսի գործունեությունը, ապա քննադատում խառնակիչ Դիոտրեփեսին ու երաշխավորում Դեմետրիոսին:

 

Հարկ է նշել, որ Հովհաննու բոլոր երեք նամակներն էլ թե՛ իրենց ոճով, թե՛ բառապաշարով, և թե՛ մտածեալակերպով ու նյութերով նույնանում են ինչպես միմյանց, այնպես էլ Նոր Կտակարանի չորրորդ Ավետարանի հետ: Եվ այն, որ հեղինակը Բ և Գ նամակներում իրեն կոչում է «երեց», չի կարող կասկածի տակ դնել դրանց՝ Հովհաննես Ավետարանչի գործ լինելը, հատկապես այն դեպքում, երբ Հռոմի եպիսկոպոսները նույնպես իրենց կոչում էին «երեց» տիտղոսով, իսկ Պողոս առաքյալն էլ իրեն կոչել է «երեցակից»:

 

Նամակների գրության վայրը համարվում է Եփեսոսը, իսկ ժամանակը`առաջին դարի վերջը:

 

 

Աղբյուր`Եզնիկ Ծ . Վրդ . Պետրոսյան`Ներածություն Նոր Կտակարանի

Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-08
×