Հուդայի ընդհանրական նամակը

Հուդայի ընդհանրական նամակը

Այս նամակի առաջաբանից հետո հեղինակը զգուշացնում է ընթերցողներին, որ իրենց մեջ սողոսկել են «ամբարիշտ մարդիկ», ովքեր Աստծո շնորհը վերածում են անառակության և ուրանում մեր միակ Իշխանին և Տիրոջը`Հիսուս Քրիստոսին:

 

Հեղինակը հիշեցնում է անցյալում ամբարիշտների նկատմամբ Աստծո պատիժները անապատում, անհնազանդ հրեշտակների նկատմամբ, Սոդոմ Գոմորի պատմությունը և զգուշացնում, որ նման պատիժներ են սպասվում նաև ներկայի հերետիկոսներին, քանի որ կրկնում են անցյալի ամբարիշտների մեղքերը:

 

Այնուհետև հեղինակը հորդորում է ընթերցողներին կշտամբել հերետիկոսներին, ինչպես նաև հաստատուն և անսասան մնալ իրենց հավատքում, որը տրվել է Քրիստոսի առաքյալների կողմից:

 

Նամակի վերջում զետեղված է Փրկչին ուղղված մի փառաբանություն: Այս նամակով հեղինակը շեշտում է, որ քրիստոնեութունը իրենից չի ենթադրում միայն դավանանք, այլև առաքինի վարք և աստվածային բարություն:

 

Ինչպես երևում է նամակի, հերետիկոսները, թեև ուրանում են «մեր միակ Իշխան ու Տեր Հիսուս Քրիստոսին», այդուհանդերձ ապրում են Եկեղեցու ծոցում և «ընթանում են իրենց ցանկությունների ետևից, ուրախակից են լինում» մյուս հավատացյալներին:

 

Եկեղեցական ավանդության համաձայն՝ նամակի հեղինակը համարվում է Հուդան՝ Հակոբոս Տյառնեղբոր եղբայրը, ինչպես որ գրված է հենց նամակի առաջաբանում: Եվ այս տեսակետը ընդունողները հակված են մտածելու, որ նամակը պետք է գրված լինի մոտ 70 թվականին:

 

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ Հուդայի նամակի մեծ մասը նույնանում է Պետրոսի Բ նամակի Բ գլխի հետ: Սակայն հարց է ծագում, թե այս երկուսից որն է ավելի շուտ գրվել:

 

Այնուամենայնիվ կարծվում է, որ առավել շուտ գրվել է Հուդայի նամակը և Պետրոսի Բ նամակի հեղինակը օգտագործել և մշակել է այն, ինչպես նաև զեղչել է Հին կտակարանյան պարականոն հատվածները և ժամանակագրական ճիշտ կարգի մեջ դրել անցյալի ամբարիշտների պատիժները:

 

 

Աղբյուր`Եզնիկ Ծ . Վրդ . Պետրոսյան`Ներածություն Նոր Կտակարանի

Արմեն Չաքմիշյան

  • 2022-02-08
×