Հայտնութենական գրքերի նպատակներից մեկն էր հաշտեցնել Հին մարգարեությունները տվյալ ժամանակաշրջանի պայմաններին և պահանջներին: Նման երկերը գրվում էին հրեա ժողովրդի ճգնաժամային պահերին, այն ժամանակ երբ նրանք գտնվում էին օտար լծի տակ և իրապես ունեին արդարության հաղթանակի կարիքը: Այսպիսի գրքերի թվին են դասվում, օրինակ`Եսայու վկայաբանությունը և համբարձումը, Ենոքի գրքերը, Մովսեսի համբարձումը, 12 Պատրիարքների կտակները և այլն:
Հովհաննու Հայտնության բովանդակությունը այն հայտնությունն է, որը ստացել է Հովհաննեսը Հիսուս Քրիստոսից Պատմոս կղզում`գրի առնելու և Փոքր Ասիայի յոթ եկեղեցիներին ուղարկելու հանձնարարությամբ: Եվ այս հայտնությունը պարունակում է այն ամենը «ինչ որ այսուհետև սահմանված է որ լինի»: Հովահաննու Հայտնության բովանդակությունը նախաբանից հետո կարելի է բաժանել 7 հիմնական մասերի, քանզի յոթն աստվածային թիվ է:
Հովհաննու Հայտնությունն անկասկած Նոր Կտակարանի ամենից դժվար մեկնելի գիրքն է, և այս գրքի վերաբերյալ կան բազմաթիվ հարցեր, որոնք մշտապես հետարքրել են գրեթե բոլոր մեկնիչներին: Նրանց հետաքրքրող հիմնական հարցերից են, օրինակ, այն հարցը, թե կոնկրետ որ ժամանակաշրջանին են պատկանում հեղինակի նկարագրած տեսիլքները կամ ով է թաքնված 13- 18-համարում ակնարկված 666 սիմվոլիկ համարով գազանի տակ և այլն:
Հայտնության հեղինակը իրեն անվանում է Հովհաննես: Հին եկեղեցական ավանդությունը վկայում է, որ այս Հովհաննեսը Քրիստոսի ծանոթ և սիրելի աշակերտն է, ինչպես նաև 4-րդ Ավետարանի և 3 հովվական թղթերի հեղինակը: Սակայն 3-րդ դարում Դիոնիսոս Ալեքսանդրացին հիմնականում հիմնվելով Հայտնության և Հովհաննեսի մյուս երկերի միջև գոյություն ունեցող լեզվական, ոճական և գաղափարական ակնառու տարբերությունների վրա կասկածի տակ դրեց և դուրս եկավ Հայտնության Հովհաննեսի հեղինակության դեմ:
Հարկ է նշել, որ Դիոնիսոս Ալեքսանդրացու կարծիքը կիսում են նաև ժամանակակից մի շարք քննադատներ, որոնցից ոմանք Հայտնությունը համարում են Պապիասի հիշած Հովհաննես երեցի գործ, իսկ որոշներն էլ`մի այլ Հովհաննեսի: Սակայն չպետք է մոռանալ, որ Հայտնության լեզվական անհարթություններն ու ոճական առանձնահատկությունները կարող են լինել միանգամայն բնական երևույթ, եթե նկատի ունենանք այն հոգեվիճակը, որի մեջ գտնվում էր Հովհաննեսը տեսիլքներին ականատես լինելով: Եվ այդ պատճառով էլ քննադատների մի զգալի մասը կասկածի տակ չի առնում Հայտնության`Հովհաննես ավետարանչի հեղինակությունը:
Հայտնության վայրը համարվում է Պատմոս կղզին , ուր աքսորվել էր Հովհաննեսը: Այն տվյալ ժամանակաշրջանում հռոմեական իշխանության աքսորավայրն էր: Սակայն հայտնի չէ, թե Հովհաննեսը Հայտնությունը գրի է առել անմիջապես Պատմոսում, թե՞ Եփեսոս վերադարձին: Եկեղեցական ավանդությունը Հայտնության գրքի գրության վայր համարում է Պատմոս կղզին, որտեղ առ այսօր ցույց է տրվում այն քարանձավը, որտեղ Հովհաննեսը գրի է առել այն:
Արևելքում բավական երկար ժամանակ Հայտնությունը չէր մտնում Նոր Կտակարանի կանոնի մեջ: Եվ այն բացակայում է Պեշիթոյում, մինչև 10-րդ դարը գրված Նոր Կտակարանի մի շարք հունարեն ձեռագրերում: Իսկ Անտիոքյան մեկնիչները չէն մեկնում այն: Հայտնությունը նաև չի հիշատակվում Կյուրեղ Երուսաղեմացու, Գրիգոր Աստվածաբանի և այլոց կողմից, չնայած նրան, որ առկա է Մեծն Աթանասի 39-րդ զատկական նամակում:
Հայտնության գիրքը առաջին անգամ հայերեն թարգմանվել է ԺԲ դարում Ներսես Լամբրոնացու կողմից և աստիճանաբար ընդգրկվել հայերեն Աստվածաշունչ մատյանների մեջ: Սակայն Եկեղեցական պաշտամունքի ընթացքում Հայտնությունից ոչ մի ընթերցում չի կատարվում:
Աղբյուր`Եզնիկ Ծ . Վրդ . Պետրոսյան`Ներածություն Նոր Կտակարանի
Արմեն Չաքմիշյան