Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը
451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Նրանց տոնը մենք տոնում ենք Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը:
Վարդանանք անունով ճանաչվում են այն բոլոր նահատակները, ովքեր իրենց արյունը թափեցին Ավարայրի ճակատամարտում 451 թվականին: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին, որ հայ ժողովրդի կամքն ամուր է, որ հայ ժողովրդին հաղթելն անհնար է սրով, քանզի նրանք ունեն ամենակարևորը՝ հավատքը և ոգին:
Որոշիչ մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: «Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ Հաղորդություն ընդունեցին»,- գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:
Ավարայրը քրիստոնյա աշխարհի առաջին ու միակ ռազմական բախումն էր, ուր լույսի և խավարի, կյանքի և մահվան, հավատի և հավատուրացության, հայրենիքի ու ստրկացման իրարամերժ գաղափարներն էին բախվում: Այդ բախման մեջ կարևոր էր ոգու հաղթանակը, որը կանխորոշելու էր ժողովրդի ճակատագիրն ու բնավորությունը՝ կլինեին պարտվողի՞, թե՞ հաղթողի, ուժեղի արժանիքներով ու բնավորությամբ: Մահվան դեմ կանգնելով՝ կհիշեին Ասծուն և կմկրտվեի՞ն, թե՞ կտրվեին չարին: Ի՞նչ կզոհեին և հանուն ինչի՞:
Ահա Վարդանանք դառնում են օրինակ` իրենց կյանքով և մահով Աստծուն ծառայելով:
Քրիստոնեությունը հաճախ ընկալվում է որպես թույլի կրոն, մարդիկ կարծում են, թե ճշմարիտ քրիստոնյան չի կարող պաշտպանել իրեն, իր ընտանիքը, իր հայրենիքը, իր Աստծուն: Սակայն բնավ այդպես չէ:
Այո՛, քրիստոնեական չէ չարով լցվելը, նախահարձակ լինելը, սպանելը՝ հանուն ոչնչի, սակայն եթե նժարին է հայրենիքը, Աստված, այդ դեպքում մեր գործերը հարկ է դիտարկել որպես ծառայություն այդ երկու վեհ գաղափարներին՝ տալով ամենը, ինչ ունենք՝ հանուն դրանց փրկության, պահպանման փրկության: Սուրբ Վարդանանք գիտակցեցին այդ ամենը և գիտակցված գնացին դեպի անմահություն՝ պաշտպանելով իրենց ներկան և ապագան:
Այսօր օրվա առթիվ՝ բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Սա բաց խորանով վերջին Պատարագն է՝ Հարության տոնից առաջ:
Հաղթանակի աղոթք
«Տէր, եթէ զշրթունս իմ բանաս, բերան իմ երգեսցէ զօրհնութիւնս Քո»:
Սաղմոս ԽԱ 17
Գոհությո՛ւն Քեզ, Տե՛ր Աստված մեր, որ շնորհ արեցիր մեզ՝ գտնվելու սրբություն ճառագող Քո Տաճարում, որի քարեղեն պատերի մեջ կարդում ենք մեր հայրերի հավատքի հոգեղեն ներկայությունը: Փա՛ռք Քեզ, Տե՛ր Աստված, որ եղար ոգեշնչողը, մարտակիցն ու առաջնորդողը հայոց պատերազմի: Փա՛ռք Քեզ, Երկնավո՛ր Տեր, որ հավատարիմ, քրիստոնյա և արիասիրտ ազգի զավակներ ենք, Օրհնությա՛մբդ հաղթանակած ազգի զավակներ: Մենք խոնարհվում ենք մեր սուրբ նահատակների առաջ: Նրանք գերեզմանված չեն, մեր սրտերում են, հոգիների ու հիշողության մեջ: Խունկ և աղոթք քաջորդաց հիշատակին: «Խաղաղություն զիմ տամ ձեզ…» (Հովհաննես ԺԴ 27):
«Տէր Աստուած մեր, տու՛ր զՔո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի… Նշանաւ սուրբ եւ պատուական խաչի քո՝ հալածեա՛ սահմանաց մերոց եւ ի բարկութենէ մերմէ» (Ժամագիրք):
Ողորմա՛ծ Աստված, զորավոր Խաչովդ պահպանիր Հայոց Երկրի բոլոր սահմանները: Գոտեպնդիր մեր քաջազուն զավակներին, զինիր նրանց անսասան հավատքով և աներկյուղ պահիր երևելի և աներևույթ թշնամու հարվածներից:
Բարեսե՛ր Տեր, ընդունիր զավակներիդ աղոթքն առ Աստված: Թող իբրև ահեղ կոչնակ՝ ղողանջեն զանգերն այս Տաճարի և միախառնվելով մեր խնդրանքներին՝ առաքվեն վեր, դառնան Հայր Աստծուն ձոնված օրհներգ ու փառաբանում: Եվ օրհնությամբ թող լցվեն Հայաստան ու Արցախ աշխարհը:
Աստծո շնորհը, սերն ու հավատքն ուժ լինեն մեր կյանքում: Լինենք միակամ ու միաբան: Լինենք և մնանք մեկ ազգ ու մեկ եկեղեցի: Եվ թող Ամենազոր Աջը Քո հովանի լինի մեր ժողովրդին ի Մայր Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս աշխարհի: Ամեն:
ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ